Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/546

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ի՞նչ պաշտոն կկամենայիք, թանկագինս,— մի քիչ հեգնանքով և մի քիչ քնքշաբար հարցրեց Խանբեգյանը, նորից կռթնելով սեղանի վրա։

— Ես չգիտեմ․․․ Դո՛ւք պետք է ասեք։

— Ծխախոտ կարո՞ղ եք լցնել, ծխախոտ կարո՞ղ եք մաքրել, տեսակների բաժանել, ծխախոտի փոշուն կդիմանա՞ք։ Գիտե՞ք, որ մեր բանվորներից ու բանվորուհիներից համարյա մեկը չկա, որ վարակված չլինի թոքախտով։ Թե ձեր խոսքը գրասենյակի մասին է, այնտեղ էլ այնպիսի կոպիտ և անտաշ մարդիկ են նստած, որ մի րոպե չեք դիմանա։ Գալով բանկին, ի՞նչ պաշտոն կարող եք կատարել այնտեղ։ Հաշվապահություն կամ հաշվետարություն գիտե՞ք։ Երևի չգիտեք։ Մեքենագրություն երևի նույնպես չգիտեք։ Հասարակ ռեգիստրա՞տորշա: Ոչինչ բան է։ Է, ուրիշ ի՞նչ է մնում այնտեղ,— ուբո՞րշչիցա...

Եվ Խանբեգյանը սկսեց նորից բարեսիրտ կերպով ծիծաղել։

Վիկտորիա Պավլովնան նստած էր բոլորովին շփոթված, որով նրա դեմքն ավելի ևս գեղեցկացել էր։

— Իհարկե, ինձ համար ավելի հարմար կլիներ, որ վարժուհի դառնայի,— ասաց նա կամաց,— բայց ցավն այն է, որ ես սիստեմատիկ կրթություն չեմ ստացել, գիմնազիայում սովորածս էլ համարյա թե մոռացել եմ։

— Տեսնո՞ւմ եք,— վրա բերեց Խանբեգյանը լեզուն ծլմփացնելով,— շատ լավ բան եք մտածել, բայց... ոչինչ չի դուրս գալիս։

Նա վեր կացավ և, ձեռքերն անդրավարտիքի գրպանները կոխելով, սկսեց անցուդարձ անել սենյակի երկայնքով։

Բավական երկար ժամանակ լռություն տիրեց, լսվում էր միայն ինքնաեռի քլթքլթոցը և Խանբեգյանի քայլերի ձայնը։

Խանբեգյանը անցուդարձ էր անում, հետզհետե արագացնելով