Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 2 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/56

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է


դեմ և նրան թվում էր, որ այդ զգացմունքը հետզհետե ընկճվում է յուր ուժերի ներքո։ Կնոջ հետ նա վարվում էր նույնպես, ինչպես և առաջ. նա ամեն անգամ գուրգուրում էր նրան, համբուրում էր, կատակներ էր անում նրա հետ, այնպես որ կինը կասկածել չէր կարող, որ նրա սրտի մեջ գոյություն ուներ մի ուրիշ սեր, որ ամեն կերպ աշխատում էր նրան դեպի մի ուրիշը քաշել, բայց որի դեմ նա հաղթությամբ պատերազմում էր...

Իսկ Արմենա՞կը։ Արմենակը գրեթե ողջ օրը փակված յուր սենյակում՝ զբաղված էր յուր օրինագրքերով և շատ քիչ ուշադրություն էր դարձնում, թե ինչ է կատարվում յուր շուրջը։

Թ
ՆԵՐՔԻՆ ՊԱՏԵՐԱԶՄ

Այնինչ արդեն սկսվել էին ամառվա շոգ և տոթ օրերը։ Պարոն Հարունյանն արդեն արձակուրդ էր ստացել պաշտոնից և ընտանիքի ու եղբոր հետ պատրաստվում էր ամառանոց գնալ, առավելապես նրա համար, որպեսզի բոլորովին ազատված լինի իշխանուհի Մելիքյանից։

Նախքան ամառանոց գնալը տիկին Հարունյանը հարկ համարեց այցելել յուր նախկին ընկերուհուն, թեպետև կոտրած, բայց առավել ևս սիրող սրտով։ Նա գնաց իշխանուհու տուն, աղախինին հարցրեց, թե կարո՞ղ է արդյոք տիրուհին ընդունել։ Աղախինը վազեց իշխանուհու մոտ, վերադարձավ և ասաց, որ կարող է ընդունել։ Դողդոջուն և անհաստատ քայլերով նա մտավ իշխանուհու շքեղ կահավորյալ սենյակը, նախապես ակամայից պատկերացնելով յուր առաջ նրա սառը ընդունելությունը։ Իշխանուհին նստած էր բազկաթոռի մեջ՝ լուսամուտի մոտ. նրա առաջ կլոր փոքրիկ սեղանի վրա դրած էր ինչ-որ ռոման, որ, ինչպես երևում էր, մինչև տիկին Հարունյանի գալը կարդալիս էր եղել։ Նրա դեմքն արտահայտում էր ավելի կատաղություն, քան վիշտ, ավելի ատելություն և արհամարհանք, քան տխրություն և մելամաղձություն.