նրանք դարձյալ երբեմնակի տեսնում էին միմյանց, խոսում էին միմյանց հետ. բայց որ այժմ դա արդեն ամիսներով է հեռացել նրանից և այն էլ առանց նրան տեսնելու— այդ բոլորովին անտանելի է։ Այդ բոլորից պարզ կերպով երևում է, որ այդ մարդը ոչ թե միայն չէ կամենում նրա հետ հարաբերություն ունենալ, այլև արհամարհում է նրան...
Նա չէր հասկանում սիրո՞ւմ էր, թե ատում այդ մարդուն, որի կամա անտարբերությունը կրկնապատկվում էր դեպի նա։ Եթե ատում էր, հապա ինչո՞ւ այդ մարդու բացակայությունը նրան ստիպում էր միշտ և միայն նրա վրա մտածել, նրան պատկերացնել յուր առաջ... Եթե սիրում էր, հապա այն ի՞նչ անզուսպ կատաղության կրակ էր, որ բորբոքվում էր նրա սրտի մեջ դեպի այդ մարդը... Միևնույն ժամանակ նա պատրաստ էր և խմել նրա արյունը, և գրկել, համբուրել նրա ոտները... Ո՜չ, նա իսկապես և գժվածի պես սիրում էր այդ համառ մարդուն, սիրում էր այնպես, ինչպես տակավին յուր ողջ կյանքի մեջ ոչ ոքին չէր սիրել, բայց այդտեղ տանջվում էին միայն կնոջ սրտի քնքուշ լարերը, որոնց հետ խաղում էին ինչպես ամենահասարակ խաղալիքի հետ...
Իշխանուհի Մելիքյանը շատ լավ հասկանում էր, որ Հարունյանն յուր ամիսներով բացակայությունից շատ կարող էր օգտվել. այդ ժամանակամիջոցը բավական էր նրա պես մի համառ, հաստատակամ մարդու համար, որ նա սառեցնի յուր մեջ դեպի իշխանուհին տածած սերն և սովորի նրա վրա նայել բոլորովին անտարբերությամբ։ Բայց իշխանուհի Մելիքյանն այդ չէր կամենում, նա չուներ այդ մարդու հաստատակամությունը, համառ բնավորությունը, որ նույնպես կարողանար օգուտ քաղել այդ բացակայությունից և հանգցնել յուր մեջ դեպի նա տածած բորբոքվող սիրո բոցը։ Նա հենց առաջին օրից բոլորովին անձնավստահորեն և հոգով ու մարմնով էր անձնատուր եղել այդ սիրույն, կատարյալ հույս ունենալով ապագայում յուր հաջողության վրա. բավական էր, որ նա սիրում էր— և Հարունյանին, առանց մի վայրկյան անգամ կասկածելու, երկմտելու, իենն ու իրենն էր համարում... Բայց այժմ, երբ նա