Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/104

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ընդունակությունների մեջ մի ընդհանուր գիծ գտնեմ, որպեսզի դրա վրա հիմնված՝ կարելի լինի դասավանդումը բոլորի համար միատեսակ դյուրամատչելի դարձնել։ Թեև այդ դեռ չի հաջողվել ինձ, բայց թվում է, թե անկարելի չէ։

— Օ՜, երբ որ այդպես է, դա մեծ նշանակություն ունի, սիրելիս։ Հենց այդ ուշադրությունդ միայն, որ մեր, եթե կարելի է այսպես ասել, պաշտոնական վարժուհիների մեջ ճրագով պետք է որոնենք, ցույց է տալիս, որ դու օրինակելի վարժուհի կարող ես լինել։ Վերջապես ուսուցչական պաշտոնին այդպես պատկառանքով և երկյուղածությամբ վերաբերվելդ մի՞թե գրավական չէ, որ պիտի առաջադիմես, որ դու իսկապես գործ պիտի կատարես։ Ինքնասիրությունդ էլ, որ ասում ես, դա պակասություն չէ, դա առավելություն է։ Ո՞ւր էր, թե մեր վարժուհիներն այնքան ինքնասիրություն ունենային, որ գեթ կարմրեին, երբ տեսուչը նկատում է նրանց. «Օրիորդ, դուք բան չեք շինում», «օրիորդ, դուք միշտ ուշանում եք», «օրիորդ, դուք շուտ-շուտ եք հիվանդանում»։ Կրկնում եմ. գիտեմ որտեղից է ծագել վճիռդ և պետք է ասեմ, որ ավելի խելացի կերպով չէիր կարող վարվել։ Ինչպիսի՜ եռանդ և ավելի մեծ տոկունություն պիտի ստանա նա, երբ իմանա, որ դու անմիտ և հուսահատ անգործության մեջ չես սպանում ժամանակդ...

Աշխենի աչքերի կոպերը դողդողացին. նա պինդ սեղմեց շրթունքները և դեմքը դարձրեց օր. Սահակյանից։

Օր. Սահակյանը տեսավ այդ և հասկացավ, որ ավելորդ էր հին հիշատակները նորոգել, ուստի շտապեց խոսքը փոխել։

— Ուրեմն այս երեկո կհայտնեմ Մինասյանին քո առաջարկը։ Նա, իհա՛րկե, կընդունի ամենայն ուրախությամբ, և՛ վաղվանից կանենք ամեն բան, ինչ որ հարկավոր է։

— Բայց, իհարկե, ռոճիկի մասին ոչինչ չես ասիլ,— ասաց Աշխենը։— Ինչ որ որոշված է, ես նրանով էլ գոհ կլինեմ։

— Գիտեմ, գիտեմ, որ դու «լավ ապրելու» նպատակով չպետք է ծառայես, այս գիտեմ։ Բայց դու ինձ այս ասա, սիրելիս. ձերոնց հայտնե՞լ ես վճիռդ։