լույսը չես իմանում տանջո՞ւմ է քեզ, թե փաղաքշում,— այդպիսի մի գիշեր դուրս եկանք զբոսանքի: Նա ասաց, որ իր հայրենիքի վիճակն երբեք չի տանջում իրեն այնպես, ինչպես այդպիսի հրաշալի գիշերներին, և հանկարծ հարցրեց իմ հայրենիքի մասին։ Ինձ թվաց, թե հանկարծ ինքս էլ համակվեցի նույն վշտով, ինչ որ նա։ Սկսեցի պատմել մեր հայրենիքի աղետալի վիճակը և ասացի, որ երկուսս էլ միևնույն վիճակի մեջ ենք։ «Ա՜խ, դուք երջանիկ եք ինձնից,— բացականչեց նա,— որովհետև դուք տղամարդ եք»։ Այդ խոսքերն այնպիսի զորեղ տպավորություն գործեցին ինձ վրա, Լևոն, որ հետո, անձնասպանության միտքը հղանալիս, երբ հանկարծ միտս ընկան, ինքս ինձնից ամաչեցի։ Հիրավի, մի՞թե ամոթալի բան չէ անձնասպանություն գործելը,— մտածեցի ինքս ինձ։— Մի՞թե տղամարդուն վայել բան է անձնասպանությունը։ Չէ՞ որ նա ինձ երջանիկ էր համարում հենց նրա համար, որ ես տղամարդ էի, այսինքն՝ մի ուժ, որ ավելի, քան կինը, միջոցներ ունի հայրենիքին օգտակար լինելու։ Մահը մահ է. «Մարդ մի անգամ պիտի մեռնի». բայց ավելի լավ չէ՞ ազնիվ, խելացի, օգտակար մահը, այնպիսի մի մահ, որով կարելի է կյանք տալ ուրիշներին — ավետարանական ցորենի այն հատիկի նման, որ «եթե մեռանիցե, բազում արդյունս առնե»։ Եվ, ահա, այդ օրվանից ուխտեցի և գլխովին նվիրեցի ինձ սուրբ գործին, այսինքն այնպիսի մի գործի, որի համար, թեև ապարդյուն, բայց ինքն իր մեջ տանջվելով մեռավ նա։ Նրա մահից անցել է մոտ հինգ տարի, և ես... է՛հ, ինչ հարկավոր է հին խոցերը փորփրել։
Բազենյանը զորեղ շեշտով թափ տվեց ձեռքը, վեր կացավ և սկսեց մտազբաղ ու տխուր անցուդարձ անել հյուրասենյակի փափուկ գորգի վրա։
Նրա պատմությունը խիստ ազդել էր Շահյանին։ Շահյանին թվում էր, թե Բազենյանի վիշտն այնքան մեծ է, որ մեղք է նրան իր դժբախտ սիրո մասին երկար հարցուփորձ անել։ Բազենյանի սիրած աղջկան, ինքն էլ չէր իմանում ինչու, համեմատում էր Եվայի հետ, և նրան թվում էր, թե էլզասցի այդ աղջիկը ճիշտ Եվայի հասակն ու գեղեցկությունը պիտի ունենար և պետք է որ Եվայի պես վառվռուն մի աղջիկ լիներ։