համար վճռել է այդ օրվանից միանգամայն կտրել իր հարաբերությունները Մարությանների հետ, և նրա համար հասկանալի դարձավ, թե ինչու Բազենյանը փողի համար չէր դիմել Մարությանին։ Նա զարմացավ Բազենյանի այդ հաստատակամության վրա և զգաց, որ մի րոպե առաջ իր մեջ դեպի նա բռնկած նախանձի կիրքը չքացավ։
— Սպասեցեք: Ե՞րբ եք ստացել այդ նամակը, որի մեջ գրում են ընկերների դժբախտության մասին և փող են պահանջում,— հարցրեց Մարությանը:
— Այսօր։
— Այսօր։ Ուրեմն կարծում եմ գոնե վաղը կգա մեզ մոտ։
— Չեմ կարծում։
— Ինչո՞ւ։
— Որովհետև... փողն արդեն ճարել է (Շահյանն ուզեց ավելացնել՝ «ես տվի», բայց համեստությունից լռեց այդ մասին) և շուտով գնալու է։
— Հա-ա՞,— բացականչեց Մարությանը և հանկարծ կանգ առավ։— Ա՜յ, այդ վատ բան ասացիք։ Ես վախենում եմ, թե մի գուցե գնա առանց մեզ հանդիպելու։ Հը՞, ի՞նչ եք կարծում:
— Չգիտեմ... շատ կարելի է,— ասաց Շահյանը վարանելով և թեպետ չէր նայում Եվային, բայց զգում էր, որ նա աչքերով ուտում է իրեն։ «Կասկած չկա. սիրում է»,— մտածում էր նա մի տեսակ բութ հուսահատությամբ։
Մարությանը հանկարծ մոտեցավ մերձակա խանութի լուսավորված լուսամուտներին, հանեց ժամացույցը և նայեց։
— Ժամը 8½ է։ Չի՞ լինիլ, որ այս րոպեիս ինքներս գնանք նրա մոտ։ Հը՞, Եվա։
Եվան նայեց հորը։ Շահյանը տեսավ, որ նրա աչքերը վառվում են տարօրինակ վճռականությամբ։
— Գնանք,— ասաց աղջիկը հաստատուն ձայնով։
— Շատ լավ։ Գնանք։ Իսկ դուք, պարոն Շահյան, կգա՞ք մեզ հետ։
— Իզուր եք գնում,— ասաց Շահյանը.— նա այժմ քնած կլինի։