— Ի՞նչ կա,— հարցրեց Շահյանը, զարմացած նայելով նրա արտասովոր դեմքին։
Բազենյանը պատասխանելու տեղ ծոցից մի նամակ հանեց և տվեց նրան, որ կարդա։
Շահյանը կարդաց լուռ։ Նամակը Մարությանից էր, որը թախանձագին խնդրում էր Բազենյանին մեկնելուց առաջ հանդիպել իրենց և հիշեցնում էր իր խոստացած նվիրաբերությունը։ Ներքևը Եվան ավելացնում էր՝ «Ես ևս աղաչում եմ։ Չափազանց կպարտավորեցնեք»։
— Ես էլ հենց այս բանի համար եմ եկել,— ասաց Շահյանը, նամակը վերադարձնելով։
— Ինչպե՞ս թե այս բանի համար,— զարմացավ Բազենյանը:
— Երեկ գիշեր, որ քեզանից հեռացա, հայր ու աղջիկ հանդիպեցին ինձ փողոցում։ Մարությանը խնդրեց քեզ ասելու, որ գնալուց առաջ անպատճառ հանդիպես իրենց, որովհետև ուզում են նամակ տալ քեզ, որ տանես իր որդուն։ Եվան էլ շատ խնդրեց,— ավելացրեց Շահյանը միանգամայն անտարբեր եղանակով։
Բազենյանը ոչինչ չասաց։ Նա հոնքերը կիտեց և սկսեց նորից անցուդարձ անել սենյակում մտախոհ և մռայլ։ Հետո հանկարծ կանգ առավ Շահյանի առաջ և շատ լուրջ հայացքով նայեց ուղղակի նրա աչքերին։
— Լսիր, Լևոն։ Ես, որ ուզում էի գալ քեզ մոտ, այդ բանի համար էի ուզում գալ, որ խոսեմ քեզ հետ։ Լսիր, ինչ եմ ասում և պատասխանիր ինձ անկեղծ կերպով։ Դու ինձ իրավունք տալի՞ս ես, որ գնամ Մարությանների մոտ։
Շահյանն ապշեց։
— Ինչպե՞ս թե՝ իրավունք...
— Ներողություն, այդ չէի ուզում ասել։ Ուղում էի ասել, թե անախորժ չի՞ լինի քեզ համար, որ գնամ...
— Ի սեր աստծո, Սուրեն, այդ մասին ավելորդ է խոսելը,— ընդհատեց նրան Շահյանը փոքր-ինչ նեղացած։— Եթե Մարությանների մոտ գնալդ անախորժ լիներ ինձ համար, ես ինքս չէի գալ քեզ մոտ, որ նրանց խնդիրքը հայտնեմ քեզ։ Դու ազատ ես. ինչ ուզում ես և ինչպես ուզում ես՝ արա։ Ես ոչ իրավունք և ոչ ցանկություն ունիմ խառնվելու: Կարող եմ