Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/272

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արդեն հեռացել էր Թիֆլիսից, սաստիկ մտատանջում էր Եվային։ Նրա մեջ բոլորովին չքացել էր այն սարսափը, որ ազդել էր նրան Բազենյանի աչքերի մեջ նկատած փոփոխությունը. կարծես մի ծանր երազ լիներ այդ, որի ազդեցությունն անցել էր ժամանակի հետ։ Այժմ Բազենյանը ներկայանում էր նրան դարձյալ առաջվա նման իր անդիմադրելի գրավչությամբ. այժմ այդ երիտասարդն ավելի ևս անձկալի էր, թերևս այն պատճառով, որ Եվան հույս չուներ, թե երբևիցե այլևս պիտի տեսնի նրան: Եվ այդ բանում Եվան մեղքը լիովին իր վրա էր առնում. իր անփորձության մեջ, լոկ րոպեի ազդեցության տակ դեն հրեց իրենից այն երիտասարդին, որին սիրում էր և որը նրան էր սիրում. իր օտարոտի վարմունքով սիրած երիտասարդին կորցրեց ընդմիշտ իր համար, միևնույն ժամանակ կորցնելով իրեն նրա համար։ Եվան երևակայում էր, թե ինչքան զարմացած պիտի լիներ Բազենյանն իր վարմունքից, որ այժմ իր համար անհասկանալի էր մնում։ Բազենյանն անշուշտ վիրավորվեց և հենց այդ պատճառով չեկավ, որ նրան գեթ իր վերջին հրաժեշտը տա։

Որքան շատ էր մտածում Եվան այս մասին, այնքան ավելի անկեղծ զղջմունքը կրծում էր նրա սիրտը։ Այդ զղջմունքն երբեմն այն աստիճան էր հասնում, որ իրեն պատրաստ էր զգում ընկնելու Բազենյանի ոտները և ներողություն խնդրելու նրանից, եթե միայն Բազենյանին մի անգամ էլ տեսնելու լիներ։

Բայց ո՞րտեղ էր Բազենյանը։ Եվան գրեթե համոզված էր, որ նա անպատճառ արդեն հեռացել էր։ Եվ այժմ, երբ մերժում էր հոր հետ Բազենյանի մոտ գնալ, մերժում էր ոչ թե այն պատճառով, որ վերջին անցքից հետո ամաչում էր Բազենյանի աչքին երևալուց, այլ նրա՛ համար միայն, որ իր մեջ քաջություն չէր զգում անձամբ համոզվելու, որ նա իսկապես հեռացել է։ Այդ արդեն խիստ մեծ հարված կլիներ նրա համար, դրանով իսպառ պիտի փշրվեր հուսո այն վերջին նշույլը, որ դեռևս առկայծում էր այնտեղ, սրտի խորքում թաքնված: Սակայն միևնույնը չէ՞ր, խո արդեն համոզված էր, որ Բազենյանն այլևս Թիֆլիսում չէ. սխալն արդեն գործված էր և այլևս ոչ մի կերպ չէր կարելի ուղղել.