Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/304

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

«Ազնիվ բարեկամս արդյոք կհաճի՞ այսօր, երեկոյան ժամը 7-ին, կամ երբ ինքը ցանկա, շնորհ բերել ինձ մոտ («Կավկազ» հյուրանոց, N 18), եթե պ. Շահյանը չի մերժիլ այս խնդիրքը, անչափ գոհ կլինի նրանից իր երախտապարտ և իրեն սպասող

պանի Զդանևիչը»։


Շահյանը կարդաց այդ նամակը, և նրա սիրտը դող ընկավ։ Այն անհամեստ միտքը, որ տանջում, խելացնորություն էր պատճառում նրան ամբողջ գիշերը, այժմ մեխի պես ցցվեց նրա գլխում, և նա սարսափեց։ Դա անփորձության սարսափն էր իրականության առաջ։

Պանի Զդանևիչի վրա, երեկվա այցելությունից հետո, նա արդեն որոշ գաղափար էր կազմել.— այդ կինը Բազենանի սիրուհին է եղել, դա նշանակում է, որ նա ծախու կին է, թեև, շատ կարելի է, ոչ սովորական ծախու կանանցից։ Համենայն դեպս, պանի Զդանևիչը խստապահանջ բարոյականության տեր կին չէր Շահյանի կարծիքով։ Արդ՝ ի՞նչ միտք ուներ այդ կինը, որ, իր երեկվա այցից հետո, այժմ հրահրում էր նրան իր մոտ։ Իր խնդրած օգնությունը ստացավ, ուրիշ ի՞նչ էր կամենում։ Արդյոք նորի՞ց փող խնդրել, թե՞ վարձահատույց լինել...

Շահյանը չէր կարծում, թե պանի Զդանևիչը դարձյալ փող խնդրելու համար լիներ իրեն հրավիրելիս. այդպիսի դեպքում դարձյալ ինքը կգար (և ո՞րտեղից գիտեր նա իր տան հասցեն)։ Մնում էր երկրորդ ենթադրությունը, այն է՝ պանի Զդանևիչն իրեն հրավիրում էր վարձահատույց լինելու համար ա՛յն բանով, ինչով որ վարձահատույց են լինում առհասարակ ծախու կանայք... Ահա այդ միտքն էր, որ սարսափեցրեց Շահյանին։ Այն, ինչ որ նրա վավաշոտ երևակայության համար խաղ ու պար էր, այժմ մերկ իրականության առաջ փախուստ էր տալիս վախկոտ մկան պես։

Երբեք նա, իբրև տղամարդ, իրեն այնպես թույլ, երկչոտ ու ողորմելի չէր զգացել մի կնոջ վերաբերմամբ, ինչպես այժմ։ Իր կատարյալ անփորձության, իր կուսության սարսափը չէր միայն, որ ստիպում էր նրան փախչելու պանի Զդանևիչից,