Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/31

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Շատ լավ եմ, մայրիկ, այնպե՜ս լավ, որ երբեք այսպես չեմ եղել։

— Բաս թող համբուրեմ։

Եվ մայրը իր փափուկ, խորշոմած սառը շրթունքները կպցրեց որդու ժպտող այտին։

Շահյանն երբեք չէր սիրել մոր համբույրները, իսկ մայրն այդ կողմից միշտ շատ շռայլ էր եղել դեպի նա։ Չէր սիրել նույնպես այն բոլորը, ինչ որ առհասարակ կանացի թույլ, քնքուշ զգացումների զեղումն է։ Չէր սիրել, որովհետև այդ բոլորի մեջ միմիայն իր տղամարդկային արժանապատվության ստորացումն էր տեսել, այն արժանապատվության, որը տղամարդուն թելադրում է միշտ բարձր մնալ կնոջից և առհասարակ այն ամենից, ինչ որ կանացի է։ Դրա պատճառը թերևս այն էր, որ Շահյանը տղամարդ չէր և չուներ տղամարդի արժանապատվություն. բայց ուզում էր տղամարդ լինել և տղամարդի արժանապատվություն ունենալ։ Մոր համբույրները նրան երեխայի դրության մեջ էին դնում, և այդ բանն էր, որ նրան չափազանց անախորժություն էր պատճառում։

Սակայն այս անգամ նա ոչ թե միայն անախորժություն չզգաց մոր համբույրից, այլև ինքը համբուրեց նրան, որպիսի բան երբեք չէր պատահել։ Ինչո՞ւ։ Ո՞վ գիտե, թե նոր, տակավին շատ թարմ տպավորությունները և այդ տպավորություններից ծնված նոր, անծանոթ, թեև տակավին իրենց որոշ գույնը չընդունած զգացումներն ինչպես և որքան փոխում են մարդու ներքինը գոնե այնքան ժամանակ, որքան այդ տպավորություններն ու զգացումները թարմ են...

Տեղեկանալով, որ հայրը դեռևս քնած չէ, Շահյանն ուղղակի գնաց նրա մոտ։ Երբ մայր ու որդի մտան աղա Կարապետի սենյակը, վերջինս, խալաթը հագին և թրքական ֆեսը գլխին, նստած էր իր սովորական լայն բազկաթոռի մեջ և սպասողական հայացքով նայում էր դռանը։ Ծնկների վրա նա դրած էր Աստվածաշնշի ընկերության աշխարհաբար թարգմանած Ավետարանը և ձախ ձեռքի ցուցամատը դրել էր ընթերցումը կիսատ թողած երեսների մեջ։ Առաստաղից կախված մեծ լապտերն ընդարձակ տափակ