Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էր, շարժվում, աչքերը զարմանալի կերպով վառվում, մեծանում, այրվում էին, և խոսքերը բերանից դուրս էին թռչում կարճ պարբերություններով, արագ առոգանությամբ, ուժեղ, միշտ պատկերավոր արտահայտությամբ և առանց ընդհատումների, սուր, կտրուկ, հեղեղի նման: Շատ անգամ ինձ թվում էր, թե նստած եմ թատրոնում, թե առաջս կանգնած է մի հանճարեղ տրագիկ իր ամենապաթետիկ դերում, մի դերասան, որ իր հանճարեղ խաղով, իր խոսքի ուժով ընդունակ է մոռացնել տալու հանդիսականներին իրենց տեղը, իրենց ներկան, իրենց գոյությունը և իր հետ քշելու տանելու նրանց այն աշխարհն, ուր այդ միջոցին ապրում է ինքը...

Պետք է ասեմ, որ հաճախ չէր այցելում ինձ։ Այցելած ժամանակ էլ թեև շատ ազատ էր պահում իրեն, բայց երբեք հարգանքի սահմանից չէր անցնում։ Շատ անգամ ուղղակի տանջանքով զգում էի, որ եթե մի տասը տարով ջահել լինեի, նրա հարաբերությունը դեպի ինձ բոլորովին ուրիշ բնույթ կունենար, այսինքն ա՛յն բնույթը, որ ես էի ցանկանում... Խոստովանում եմ, մինչև այդ ժամանակ երբեք չէի մտածել, որ ջահել չեմ, և միայն նրա հարաբերությունից զգացի, որ տարիքս արդեն ճնշում է ինձ, այնքա՛ն ճնշում, որ, մանավանդ նրա ներկայության ժամանակ, պարզապես ամաչում էի հասակիցս. ես տանջվում էի այն գիտակցությունից, որ նա ինձ վրա նայում է իբրև տարիքն անցած կնոջ վրա, մի կնոջ, որը, բացի հարգանքից, ուրիշ զգացում չի կարող ներշնչել: Մինչդեռ շուրջս քծնող ուրիշ երիտասարդների հետ վարվում էի իր հաղթանակող գեղեցկության վրա վստահ կնոջ նման, վարվում էի ազատ, արհամարհանքով, շատ անգամ իբրև բռնակալ,— նրա ներկայությամբ, ընդհակառակը, մի տեսակ կուչ էի գալիս, շփոթվում, և ինձ միշտ թվում էր, թե դեմքիս վրա կնճիռներ կան, և նա տեսնում է այդ կնճիռները... Կյանքիս մեջ դրանք միակ րոպեներն էին, որոնք հոգեկան անասելի տանջանք էին պատճառում ինձ։

Մի անգամ բոլորովին անակնկալ կերպով նա եկավ ինձ մոտ, ասաց, թե հետևյալ օրը հեռանում է և եկել է հրաժեշտ տալու։ Մի րոպե ինձ թվաց, թե ինքս ինձ կորցնում եմ, թե պատրաստ եմ գժի պես փարելու նրա վզին, ստրկի պես թավալգլոր գալու նրա ոտների տակ, մի խոսքով — հուսահատական