կյանքը դու ինքդ ես։ Կա՛ց, մի գնա։ Կա՛ց, իմս եղիր և կտեսնես, թե ինչպիսի օրհներգներ կնվիրեմ կյանքին, ինչպես կաստվածացնեմ, կպաշտեմ քեզ և քեզ հետ — կյանքը...»։
— Ինչպե՞ս է, ընդունո՞ւմ եք խրատներս, թե ոչ,— հարցրեց պանի Զդանևիչը ժպտալով։
— Այդ խրատները ես ինքս էլ շատ լավ եմ հասկանում, բայց... հասկանալ բավական չէ,— ասաց Շահյանը, աշխատելով չկորցնել իր խոսակցության նախկին եղանակը:— Կյանքը սիրելու համար, հարկավոր է նրան տիրել:
-Տիրեցեք, ո՞վ է ձեզ արգելում։
— Ո՜վ է արգելում... Ես ինքս։
— Դուք ինքնե՞րդ։
— Ես կամք չունիմ... ես փալաս եմ,— արտասանեց Շահյանը, և նրա ձայնը դողաց։ Նա նստեց և քիչ էր մնում լաց լինի։
Պանի Զդանևիչը նայեց նրան լրջորեն և զարմացած։ Հետո հանկարծ ուսից հանեց սակվոյաժը և ձգեց մի կողմ։
— Ես այլևս չեմ գնում, մնում եմ,— ասաց նա։
Շահյանը վեր թռավ տեղից, և արտասուքը, որ խեղդում էր նրան, ցամաքեց կոկորդի մեջ։
— Մինչև որ չիմանամ ինչ է ձեր վիշտը և չհանգստացնեմ ձեզ, չեմ հեռանալ այստեղից,— ավելացրեց պանի Զդանևիչը։
Շահյանը կարկամել էր և չէր իմանում ինչ ասի։ Ապուշի պես նայում էր պանի Զդանևիչին իր պլպլան ակնոցի միջից, և նրան թվում էր, թե խելքը կորցնում է։ Նա սառում ու տաքանում էր այն կասկածից, թե միգուցե մատնել է իրեն, և պանի Զդանևիչն արդեն հասկացել է, թե ինչ է պատահում իրեն։
Պանի Զդանևիչն առավ նրա ձեռքը և համառ ու փորձող հայացքով նայում էր նրա աչքերին։
— Լսո՞ւմ եք, պարոն Շահյան, ես մնում եմ, չեմ գնում։ Ձեր դրությունը, ձեր խոսքերն ինձ շատ տարօրինակ են թվում, իսկ ես այնքան համակրում եմ ձեզ, որ չեմ կարող հանգիստ սրտով հեռանալ, մինչև որ չիմանամ, թե ինչ է պատահում ձեզ։ Ես տեսնում եմ, որ դուք մի վիշտ ունիք, որ դուք ուզում եք ինչ-որ ասել, բայց չեք վստահանում։ Ասացեք,