Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/388

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կուսական անդրանիկ սիրույս սրբությունն ես անարգված տեսա դեռևս իր սաղմի մեջ։ Եվ անարգողը, երևակայիր, նա՛ էր, որին պատրաստ էի նվիրաբերել այդ սերը։ Թերևս այսքան չվշտանայի, այսքան չվրդովվեի, եթե սիրույս հետ սերտ կապով կապված չլիներ մի վսեմ գործ, որի համար գործեց և մահացավ եղբայրս։ Եվ այդ պատճառով, ահա, անարգված սիրույս մեջ անարգված տեսա ոչ թե միայն սրտիս նորածին սրբության սրբոցը, այլև — անգին եղբորս գործունեությունը, նրա պաշտելի հիշատակը։ Լսիր, քույրիկ, այժմ այլևս չեմ կարող լռել, բոլորը պիտի խոստովանեմ առաջին և վերջին անգամ։ Եվ այս ոչ ոք չգիտի և ոչ ոք չպիտի իմանա, բացի քեզնից։

Եվ Եվան մանրամասնորեն սկսեց պատմել այն դեպքը, որ առիթ էր եղել ծանոթանալու և բարեկամանալու Բազենյանի հետ. նույնպիսի մանրամասնությամբ պատմեց Բազենյանի հետ ունեցած հարաբերությունները, տեսակցությունները, խոսակցությունները. թե ինչ կարծիք ունեին սկզբում նրա մասին և թե ինչպես հետո իմացան, որ նա խաբեբայի մեկն է եղել։ Եվան պատմում էր վառ գույներով և որքան պատմությունն առաջ էր տանում, այնքան վառվում էր, այն տեղերում, ուր Բազենյանի խաբեբայությունն էր պատմում, նրա ձայնը հնչում էր անզուսպ գարշանքով։ Տպավորությունները դեռևս այնքան թարմ էին, որ նրան թվում էր, թե իր պատմած դեպքերը հենց այդ րոպեին էին կատարվում։

Աշխենն ապուշ էր կտրվել։ Նա մոռացել էր իր վիճակը և ագահությամբ ականջ էր դնում Եվայի կրակոտ խոսքերին։ Եվայի պատմության ամբողջ ընթացքում խոսք չէր գտնում ասելու — այնքան այդ պատմությունը նորություն էր նրա համար։

— Ասա՛, ի՞նչ կզգայիր դու,— բացականչեց Եվան, պատմությունը վերջացնելուց հետո,— երբ հանկարծ իմանայիր, որ Արմենակն այն չի եղել, ինչ որ կարծում էիր, ինչի համոզված, ինչի հավատում էիր անպայման։ Կապշեիր, կվրդովվեիր, կկատաղեիր, կհուսահատվեիր, չէ՞, երբ տեսնեիր, որ քո պաշտած երիտասարդը, որի մեջ իղձերիդ, բաղձանքներիդ մարմնացումն էիր տեսնում, ոչ այլ ինչ է եղել,