Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/391

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եվ ինձ էլ պիտի տանես քեզ հետ,— շշնջաց Եվան, սրբազան մի սարսուռ զգալով իր մարմնի մեջ Աշխենի խոսքերի ազդեցության տակ։

Աշխենը պինդ գրկեց Եվայի իրանը։

— Գնանք, գնանք միայն նրա ետևից,— ասաց նա էքստազի մեջ։

17

Հետևյալ օրն առավոտյան, երբ օր. Սահակյանը գնաց Աշխենին տեսնելու, ինչպես անում էր ամեն առավոտ, Աշխենը նամակ էր գրում։ Նախկին օրերի հետ համեմատած, այս անգամ նկատելի չէր այն բթացած վիշտը, որ իր կնիքն էր դրել նրա դեմքի վրա և խոսակցության ու շարժումների մեջ։ Նա թողնում էր ծանր հիվանդությունից նոր առողջացած մարդու տպավորություն։ Այդ անակնկալ փոփոխությունը խիստ ուրախացրեց օր. Սահակյանին։

— Փառք աստծո, որ այսօր լավ ես,— բացականչեց նա։— Լավ ես, չէ՞։

— Այո, վիշտս կարծես թե արդեն... հնացավ,— հեգնեց Աշխենը դառնությամբ ժպտալով։

— Ա՜, դու մինչև անգամ ժպտում ես,— ծիծաղեց օր. Սահակյանը և, չափազանց ուրախությունից գրկելով, պինդ համբուրեց նրան։— Որ իմանաս, սիրելիս, որքան մտահոգության էր պատճառում ինձ դրությունդ, թեև գիտեի, որ դա անցողակի է և բնությունդ կհաղթի։ Դու միշտ քաջ ես եղել և քաջ էլ մնացիր։ Կեցցե՛ս։ Բայց քեզ մի ուրախալի լուր հաղորդեմ։ Մինասյանն այստեղ է։

— Այստե՞ղ է։

— Երեկ է եկել։ Երեկոյան ինձ մոտ էր։

— Բայց նա ինձ ոչինչ չի ասել, թե գալու է։ Ինչո՞ւ է եկել։

— Նա գիրք է ուզում հրատարակել։

— Ճիշտ է, նա մի նոր բան է պատրաստել, բայց ասում էր, որ ամառը կհանձնի տպագրության։

— Քո գալուց հետո միտքը փոխել է։

— Իսկ ես նրան նամակ էի գրում այս րոպեիս։