Թաթոսը մտնում է մատուցարանով, որի վրա կա սառը մսեղեն, ձկնեղեն, պանիր, հաց, աղ, մի շիշ գինի, մի շիշ օղի: Բաժակներ, դանակ, պատառաքաղ և անձեռոցիկ:
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— (Լամպը և ալբոմը ետ է քաշում): Դիր այստեղ և գնա պապիրոս բեր։ (Թուսյանին): Ի՞նչ պապիրոս ես ծխում։
ԹՈՒՍՅԱՆ.— Ողջ մեկ է։ Թաթոս ջան, կասես՝ Կուշնարյով, 25 կոպեկանոց.
Մարգարյանը փող է տալիս Թաթոսին: Թաթոսը դուրս է գնում:
ԹՈՒՍՅԱՆ.— (Օղի է ածում): Քո կենացը։ (Խմում է և սկսում ագահաբար ուտել): Դու չե՞ս ուտում։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես առհասարակ չեմ ընթրում։ Դու կեր, ինձ մի նայիր։
ԹՈՒՍՅԱՆ.— Դե, արաղից, գինուց...
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ես ճաշին եմ միայն խմում։
ԹՈՒՍՅԱՆ.— Մի բաժակ արաղն ի՞նչ է որ... (Օղի է ածում և առաջարկում Մարգարյանին): Առ։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Դե, որ ուզենամ, կխմեմ, էլի՛։
ԹՈՒՍՅԱՆ.— Դու գիտես։ Այս էլ իմ կենացը։ (Խմում է և շարունակում ուտել: Միջոց)։ Կուզե՞ս ասեմ՝ այս րոպեիս ինչ ես մտածում։
ՄԱՐԳԱՐՅԱՆ.— Ի՞նչ։
ԹՈՒՍՅԱՆ.— Մտածում ես. «էս հարամզադեն համ իմ հյուրն է, համ էլ ինքն է թավազա անում»։ Չէ՞։ (Մարգարյանը ծիծաղում է): Տեսա՞ր, որ չսխալվեցի։ Ինչ ուզում ես՝ ասա. անմիտ սովորություններով լի է մեր կյանքը։ Այդպիսի սովորությունների կարգը պետք է դասել, անշուշտ, և մի կողմից հյուր լինելու, մյուս կողմից հյուր պատվելու կեղծավոր ցերեմոնիաները։ Մի կողմից՝ չեմ ուզում, ջեբս դիր,