անմիտ վարմունքից, նա միայն ուսերը վեր քաշեց տարակուսանքով։
Բայց ավելի զարմանալին այն էր, որ այդ փորձն ամենևին խրատ չեղավ Շահյանի համար։ Գրեթե նույնպիսի պայմաններում նա մի անգամ ևս հանդիպեց Եվային ու նրա մորը և էլի ցույց տվեց, թե չտեսավ նրանց։ «Վերջապես, բավական է, ա՛յ ջրի տարած, մի քիչ մարդ եղիր», կատաղեց նա իր դեմ և մի անգամ էլ, երբ արդեն պատրաստվում էր «մարդ» լինել, էլի փորձանքի հանդիպեց։ Բայց այս անգամ փորձանքն այնպիսի փորձանք էր, որից, հազար էլ ուզենար, չէր կարող խույս տալ։
Կիրակի երեկո էր։ Շահյանը դարձյալ դուրս էր եկել այն մտադրությամբ (ասենք, նա ուրիշ մտադրություններ չուներ), որ հանդիպե Մարությաններին, և շտապ քայլերով անցնում էր նրանց տան հարակից փողոցներից մեկով։ Մարությաններից ոչ ոքի չհանդիպելով, արդեն ապարդյուն էր համարել այդ երեկոյի աշխատանքը և պիտի ծռվեր մյուս փողոցը, ուղղակի տուն վերադառնալու համար, երբ երկու փողոցների հենց անկյանը հանկարծ երես առ երես հանդիպեց Եվային:
Շահյանը դողաց և կանգ առավ. կարծես գող լիներ և հանկարծ բռնեցին նրան գողության տեղում։
— Ուո՜ւ, պարո՛ն Շահյան,— բացականչեց Եվան։— Ով գիտե, մեր տունն էիք գնացել։ Հա՛։
— Ոչ, օրիորդ,— պատասխանեց Շահյանը, հանկարծակիի եկած։— Ես այստեղ... մեկի մոտ գործ ունեի։
— Կիրակի օրը ի՞նչ գործ։ Եկեք գնանք մեր տուն։ Զարմանալի է. դուք կարծես թե խուսափում եք մեզնից։ Քանի անգամ մենք տեսել ենք ձեզ փողոցում, և դուք չեք կամեցել մեզ բարև տալ։
— Ո՞րտեղ... ե՞րբ... ի՞նչ եք ասում,— կմկմաց Շահյանը շփոթված։— Ներողություն, երևի չեմ տեսել, չէ՞ որ ես կարճատես եմ։
— Ուո՜ւ, ճի՛շտ որ,— ծիծաղեց Եվան։— Ես մոռացա, որ դուք ակնոց եք կրում։ Դե գնանք. մենք այստեղ խանգարում ենք մարդկանց անցուդարձը։ Տանը ոչ ոք չկա. Աշխենն է միայն։ Կգնանք մի քիչ զրույց կանենք։ Գնանք։