Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/589

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


դա իմ փափագն էր, իմ ուխտը, իմ ցնորքը, որին չորս տարուց ի վեր ձգտում էի հոգուս ամբողջ կարողությամբ և որին, վերջապես, հասած էի համարում ինձ... Բայց այժմ դուք դատեցեք. կարո՞ղ եմ ես հանգստանալ... կարո՞ղ եմ հանգստանալ, երբ հոգիս թույն է կտրել, անզոր կատաղությունը խեղդում է ինձ, ուղեղս քիչ է մնում ցնդի, այսքան հանդգնություն, այսքա՜ն լրբություն, այսքան անխղճություն տեսնելուց հետո... վերջապես ի՞նչ եմ ես, պարոն, դուք ասացեք, ի՞նչ եմ ես, մա՞րդ թե լաթ։ (Նստում և սկսում է հեկեկալ վիրավորանքի և անզոր հուսահատության ուժգին զեղումով)։

Մարգարյանը կանգնած է սաստիկ սրտաշարժված։ Կամաց մտնում է Սիսակյանը, նրա դեմքը վախ և հոգեկան զորեղ տանջանք է արտահայտում։


ՏԵՍԻԼ VIII

ՍԻՍԱԿՅԱՆ.— (Անվստահորեն մոտենում է Սառային): Սառա, սիրելիս...

ՍԱՌԱ.— (Հանկարծ դադարում է հեկեկալուց, վեր է թռչում կատաղության նոր թափով և բռնում նրա ձեռքերից)։ Ասա՛, վերջապես սպանելո՞ւ ես նրան, թե ոչ... սրբելու ես, թե ոչ, այն անարգանքը, որ նա հասցրել է ինձ, քեզ, ամուսնական այն սուրբ կապին, որով կապվել ենք մենք, ընտանեկան այն սուրբ գաղափարին, որին ուխտել ենք մենք հավատարմությամբ... Եթե վախենում ես, որ քեզ աքսոր կքշեն, կախաղան կբարձրացնեն, մի վախենար, ես քեզ մենակ չեմ թողնիլ, ես էլ կգամ քեզ հետ. ես էլ կկախվեմ այն փայտից, որի վրա կկախեն քեզ... Եթե վախենում ես, որ քեզ կդատեն իբրև մարդասպանի, ասա որ դու չես սպանել, ասա որ ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել որ սպանես... Այն ժամանակ ես համարձակ կկանգնեմ դատավորների առաջ և կասեմ այո՛, ես եմ սպանել, ե՛ս եմ պատվիրել, որ սպանի, որովհետև նա վաղուց էր սպանել ինձ, վաղուց էր փշրել, այլանդակել իմ կյանքը, ցեխի մեջ տրորել իմ լավագույն երազները... Եվ ո՞վ պիտի դատի մեզ, սրա՞նք։ (Մատնանիշ է անում Մարգարյանին): Անտարբերության մեջ քարացած այս