Jump to content

Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/606

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ԱՐԱՄ.— Լավ։ (Թողնում է): Է, ուզում ես փախչե՞լ։ Այդ չեղավ։ Կաց։ (Պահում է իր մոտ): Այնքա՜ն բաներ ունիմ խոսելու քեզ հետ... Ամենից առաջ մեկ տեսնեմ վկայականդ։

ՖԼՈՐԱ (վկայականը տալիս է նրան):

ԱՐԱՄ.— Վա՛հ, ճիշտ որ բոլորը չորսեր ու հինգեր են. մեկ հատ երեք չունի։ Բռավո՜, կեցցե՜։ Այ, որ միշտ այդպես լավ սովորես և ամեն տարի փոխվես, վերջը կգնաս համալսարան, կավարտես, մեծ մարդ կդառնաս։ (Վկայականը ուզում է վերադարձնել Ֆլորային, բայց հանկարծ մի բան հիշելով, նորից նայում է և կարդում) «... բաժանմունքի աշակերտ Սուրեն Բալյանի»։ (Ըստ երևույթին գոհացած՝ վկայականը վերադարձնում է Ֆլորային): Սուրեն Բալյան...

ՍՈՒՐԵՆ.— Իսկ իմ հայրիկի ազգանունը գիտե՞ք ինչ է.— Նուրյան։ Ինչո՞ւ է այդպես։

ԱՐԱՄ.— Որովհետև նա քո հայրիկը չէ։ Քո հայրիկը ես եմ և իմ ազգանունն էլ նույնն է, ինչ որ քոնը — Բալյան։

ՍՈՒՐԻԿ.— Իսկ ինչո՞ւ մաման էլ Նուրյան է գրվում— տիկին Ֆլորա Նուրյան։

ՖԼՈՐԱ.— Ա՜խ, ինչեր է խոսում այս անպիտան երեխան։

ԱՐԱՄ (Սուրիկին).— Այդ հետո կիմանաս, ջանիկս, երբոր մեծանաս։ Իսկ հիմա լսիր ինչ եմ ասում։ Ես իսկապես քո հայրիկն եմ։ Մի՞թե ինձ չես հիշում։

ՍՈՒՐԻԿ.— Ոչ։

ԱՐԱՄ.— Այդ անկարելի է. պետք է որ հիշես, դու այն ժամանակ շատ էլ փոքր չէիր, խոսում էիր, վազվզում, պարում, նույնիսկ պստիկ-պստիկ ոտանավորներ էիր ասում, երգում։ Ես քեզ հեքիաթներ էի պատմում, խաղալիքներ էի բերում քեզ համար— երկաթուղի, ավտոմոբիլ, ձի, ուրիշ շատ, շատ բաներ։ Դեռ կենում ե՞ն, թե կոտրատել ես։

ՖԼՈՐԱ.— Ոչինչ չի պահել։

ՍՈՒՐԻԿ.— Ձին պահել եմ։

ՖԼՈՐԱ.— Հա, ոտները կոտրած և գլուխը ջարդած։

ԱՐԱՄ.— Հետո... Ես քեզ տանում էի ինձ հետ ման ածելու, կարմիր, կապույտ օդապարիկներ էի առնում քեզ համար, միրգ էի առնում, կանֆետ, շոկոլադ։ Մի՞թե ոչինչ չես հիշում։

ՍՈՒՐԻԿ (գլխով բացասական շարժում է անում):