ԱՂԱԽԻՆ.— Լսում եմ։ (Դուրս է գնում մուտքի դռնից)։
XI
ՌՈՒԲԵՆ.— Եթե քեզ համար ծանր է մենակ դեմ առ դեմ խոսելը նրա հետ, ուզում ես, ես էլ...
ՖԼՈՐԱ.— Ոչ, ոչ, ավելի լավ է, որ դու ներկա չլինիս։ Դու միայն Սուրիկին առ և տար քեզ մոտ առանձնասենյակ։
ՌՈՒԲԵՆ.— Շատ լավ։
Աջ դռնից ներս է վազում Սուրիկը վկայականը ձեռքին։
XII
ՍՈՒՐԻԿ.— Վելոսիպե՜դը, հայրիկ, վելոսիպե՜դը... առեք հա՜։ Տեսե՛ք, փոխվո՜ւմ եմ։
ՌՈՒԲԵՆ (ձեռքից առնում է վկայականը).— Փոխվում ե՞ս։ Վա՜հ, ճիշտ է՜։ Այն էլ ի՜նչպիսի հրաշալի թվանշաններով։ Ա՛յ, չէի սպասում։ Բռա՜վո։ Որ այդպես է, վելոսիպեդը, իհարկե, կառնեմ։
ՍՈՒՐԻԿ.- Այսօր։
ՌՈՒԲԵՆ.— Այսօր տոն է, խանութները փակ են։
ՍՈՒՐԻԿ.— Ուֆ, ճիշտ որ։ Դպրոցից, գիտե՞ք, ուղղակի վազեցի ձեզ մոտ, այնտեղ չէիք, մոռացել էի, որ տոն է։ Վաղը կառնեք, չէ՞։
ՌՈՒԲԵՆ.— Անպատճառ։ Բայց լսիր ինչ եմ ասում։ Ինչո՞ւ դու այն պա... ինչո՞ւ հայրիկիդ թողիր և փախար եկար։
ՍՈՒՐԻԿ.— Նա իմ ի՞նչ հայրիկն է։
ՌՈՒԲԵՆ.— Ի՞նչպես թե քո հայրիկը չէ։ Նա քո իսկական հայրիկն է, պատերազմ էր գնացել և հիմա վերադարձել է։
ՍՈՒՐԻԿ.— Չեմ ուզում։ Ես ուրիշ հայրիկ չեմ ուզում։ (Քսմսվելով Ռուբենին): Իմ հայրիկը միայն դուք եք։ Ես այդ էլ ասացի նրան։
ՖԼՈՐԱ (սարսափահար):— Տե՛ր իմ աստված...
ՌՈՒԲԵՆ.— Դու հիմար տղա ես, ոչինչ չես հասկանում: