Էջ:Nar-Dos, Collected works, vol. 3 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 3-րդ).djvu/67

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Մարդն է՞լ:

— Մարդն էլ:

— Եվ ձեր կարծիքով, ամե՞ն, ամե՞ն բան մեռնում է։

— Ամեն բան։

Եվան ծիծաղեց և նայեց Աշխենին։

Աշխենը շարունակում էր հետաքրքրությամբ նայել Շահյանին։ Շահյանը նրա տարօրինակ համառ հայացքից և շարունակ լուռ մնալուց ավելի էր շփոթվում, քան թե Եվայի անհանգիստ, արագ հարցուփորձերից։

— Ներողություն, պարոն Շահյան,— ասաց Եվան ժպտալով։— Ինձ թվում է, թե մենք շեղվեցինք մեր խոսակցության նյութից. մենք սկսեցինք խոսել ձանձրանալու մասին... չէ, դուք պետք է խոսեք այն մասին, թե ինչո՞ւ եք ձանձրանում կյանքից, և եկանք հասանք մինչև ամեն բանի մեռնելը... թե՞ չմեռնելը։ Այդպես չէ՞։

Շահյանը ակամա ժպտաց։

— Այդպես է։

— Բայց վնաս չունի. դուք ավելի լուրջ բանի մասին սկսեցիք խոսել. այդ ավելի է հետաքրքրում ինձ։ Շարունակենք։ Չէ՛, սպասեցեք։ Գիտե՞ք ձեր խոսքերն ինչ տպավորություն են գործում ինձ վրա։ Ինձ թվում է, թե դուք ինչ-որ սարսափելի բաներ գիտեք, որ չեք ուզում ուղղակի ասել, երևի նրա համար, որ վախենում եք, թե ես կհիասթափվե՞մ։ Հա՞։

Շահյանը դարձյալ ակամա ժպտաց։

— Այո, օրիորդ։

— Իզուր, բոլորովին իզուր։ Դուք ինձ ճշմարտությունն ասացեք, և ես չափազանց շնորհակալ կլինեմ ձեզնից։ Ի՞նչ անենք, թե հիասթափությունը ծանր կլինի։ Ավելի լավ չէ՞ ճշմարտությունն իմանալ, քան թե սուտ երազներով ապրել։ Իմ բնավորության՝ չգիտեմ ամենալա՞վ, թե՞ ամենավատ կողմն այն է, որ ես հավատում եմ անպայման, կուրորեն, եթե կեղծ ոչինչ չեմ գտնում. իսկ եթե տեսա, որ կեղծ է — պրծավ։ Ուստի խնդրում եմ, ինչ որ ասելու եք, ասացեք պարզ, անկեղծ, ասացեք այնպես, ինչպես ձեզ կասեիք։ Խնդրում եմ — ի՞նչ գիտեք։