Անցավ համարյա մի ժամ, որ նա գլուխը ձեռքին հենած անթարթ նայում էր մի կետի։ Նրա ուղեղը զբաղված էր մի խնդրով, որ վճռելու համար խիստ տատանվում էր։ Այդ խնդիրը նրա գլխում ծագել էր դեռ նախորդ օրվանից, և նա շարունակ մտածում էր այդ մասին, և որքան շատ էր մտածում, այնքան ավելի տատանվում էր։
Դուռը կամաց բացվեց։
Աշխենը ցնցվեց և նայեց դռան կողմը։
Հանդարտ քայլերով ներս մտավ Եվան. վերցրեց մի աթոռ և նստեց նրա մոտ։
— Աշխեն, այս երեկո խիստ տխուր եմ,— ասաց նա մելամաղձոտ ձայնով։
Աշխենը զարմացած նայեց նրա դեմքին։ Հիրավի, երբեք այդ սիրուն, այդ չարաճճի դեմքն այդպես տխուր, հանդարտ և մելամաղձոտ չէր ներկայացել նրան։
— Ինչո՞ւ,— հարցրեց նա։
— Մտածում եմ եղբորս մասին։
— Արմենակի՞ մասին։
— Այո։
Աշխենը նկատելի կերպով գունատվեց։
— Ի՞նչ է պատահել... նոր նամա՞կ կա նրանից,— անհանգստությամբ հարցրեց նա։
Եվան նայեց նրան զարմացած։
— Ինչո՞ւ այդպես վախեցած ես հարցնում։
— Որովհետև դու այնպես ես խոսում, որ կարծես նրան բան է պատահել... Հա՞։
— Նրան ոչինչ չի պատահել։
— Հապա ի՞նչ ես ասում։
— Զարմանալի է։ Ես կարծեմ ոչինչ չասացի։ Ասացի միայն, որ տխուր եմ և մտածում եմ նրա մասին։ Աշխենը հանգստացավ և ձեռքը մտախոհ կերպով շփեց ճակատին։
— Ի՞նչ ես մտածում նրա մասին,— հարցրեց նա կամաց, կարճ լռությունից հետո։ Նա այլևս չէր նայում Եվային։
— Ուզում եմ, որ նա այստեղ լինի։
— Դու այդ միշտ էլ ուզել ես։