Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/157

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

58. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1904. սեպտեմբերի 28. Թիֆլիս.

Սիրելի

Ամսույս 11-ին գրած նամակիդ ստիպված եմ նոր պատասխանել, որովհետև ամսույս 10-ից սկսած մինչև այժմ հիվանդ պառկած էի անկողնում և երեք օր է, որ վեր եմ կացել։ Խիստ մրսել էի, բրոնխիտ էի ստացել և նորոգվել էր հին պլևրիտս, բայց, փառք աստծո, անցավ։ Հիվանդությանս համար ուրախ եմ, որովհետև հաստ փորս մասամբ շտկվել է։

Սպանդարյանը Պետերբուրգում գործն աջողեցրել է, և թերթը կշարունակի լույս տեսնել այս աշնան։ Նա ոչ թե միայն մնում է թերթի լիազոր տերը, այլև պահպանում է խմբագրապետի կոչումը, սակայն թերթը լույս կտեսնի ուրիշ մարդու խմբագրությամբ, թե ում — այդ առայժմ գաղտնիք է, մինչև որ այդ մարդը հաստատվի իբրև երկրորդ խմբագիր կամ խմբագրի ժամանակավոր պաշտոնակատար։ Առայժմ գոհացիր այսքանով, մնացածը կգրեմ ժամանակին։

Խիստ ես գովում քո պիեսը[1], տեսնենք։ Մրցանակի հանձնաժողովը[2] դեռ չի գումարվել, հայտնի էլ չէ, թե երբ կգումարվի։ Սակայն, հայտնի է, որ այս սեզոնին, մինչև հունվար, Թիֆլիսում հայերեն ներկայացումներ չեն լինելու Դրամատիկական ընկերության վարչության անհոգության պատճառով։

Կինդ անցյալ օր մեր տանն էր. շատ է դարդ անում քեզ համար և գանգատվում է քեզանից։

Չուբարին ասա, որ յուր գրքից ոչ մի հատ չկա խմբագրատանը. թերևս լինի սկլադում պահված, բայց ինձ հայտնի չէ։ Այսքանը հիշում եմ, որ սրանից շատ տարիներ առաջ, երբ խմբագրատունը Պուշկինսկի փողոցումն էր, մի քանի կապուկ կար գրադարակի գլխին դարսված։

Լուր է տարածվել, թե կառավարությունը ետ է տալիս եկեղ—<եցական> կալվածները յուր կոնտրոլն ունենալու պայմանով[3]։ Չեմ հավատում։ Ներսիսյան դպրոցն յուր գոյությունը

  1. Խոսքը վերաբերում է Հովհ. Մալխասյանի «Լուսաբացին» պիեսին, որ ներկայացվել է Մակարյան մրցանակի։
  2. Մակարյան մրցանակը հիմնվել է ոմն հարուստ տիկին Մակարյանի կողմից տրամադրված գումարներով։ Այդ գումարները տրված էին Թիֆլիսի դրամատիկական ընկերությանը և հատկացվելու էին լավագույն պիեսներին։ Հետագայում այդ մրցանակին արժանանում է Նար-Դոսի «Սպանված աղավնին»։
  3. Հայկական եկեղեցական կալվածքները գրավվել են 1903 թ. հունիսի 12-ի հրամանով և վերադարձվել՝ 1905 թ. օգոստոսի 15-ին։