Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/161

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

61. ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱԼԽԱՍՅԱՆԻՆ

1904. նոյեմբերի 14. Թիֆլիս.

Սիրելի Մալխաս

Վերջին երկու նամակներդ ստացել եմ։ Չուբարի «Սանդուխտի» մասին ցենզուրական կոմիտետում ասացին, որ այդ պիեսը քննված չէ, հետևաբար և թույլատրված չէ, որովհետև ձեռագիրը ներկայացված է եղել մի օրինակ, մինչդեռ պիտի ներկայացվեր երկու օրինակ. այդ կարգն է տիրում թատերական երկերի համար։ Ուրեմն, եթե ուզում եք թույլտվություն ստանալ, պետք է ձեռագիրն ուղարկեք երկու օրինակ։ Առաջին օրինակը վերցրել է Արմենյանը։ Նա այստեղ է, որ տեսնեմ, կխոսեմ յուր վարմունքի մասին։ Երևի այս մասին սպասում էիք ինձնից հեռագրի, բայց համաձայնիր, որ այս բոլորը չէի կարող հեռագրով հայտնել։ Ինչ վերաբերում է Չուբարի «Վեպերին և պատկերներին», կաշխատեմ մի երկու օրինակ գտնել կամ գնել (եթե ճարվի) և ուղարկել։

Ինչպես երևում է Մակարյան մրցանակին քո ներկայացրած պիեսն էլ հավանություն չի գտել։

Այսօր Քիշմիշյանը հայտնեց ինձ, որ ներկա պայմաններում հնարավոր չի համարում թույլ տալ «Մեծ գործի սկզբումիս» տպագրությունը, բարեկամորեն խորհուրդ տվեց պահել առժամանակ, մինչև որ հանգամանքները փոխվեն և ձեռագիրս վերադարձրեց ինձ։ Մինչդեռ ես այնքան աներկմիտ էի, որ պիտի թույլ տա... երկար գրել չեմ կարող. սիրտըս սաստիկ կոտրված է։

«Նոր-Դարի» վերստին հրատարակության գործն առաջ է գնում յավաշ-յավաշ. թուղթը դեռ ևս չի ուղարկված Պետերբուրգ, իսկ դեկտ. 5-ը քթներիս առաջն է.

Քո Նար-Դոս

Մինչև տարվա վերջը հասցես նույնն է — Тифлис, ред. «Нор-Дар».