Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/206

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հետագայում հարկադրված եմ եղել փոխել, որի հետևանքով հարկ եմ համարել փոխել նաև վերնագիրը։

Վեպս «Նոր-Դարում» տպագրված լինելու մասին ես հայտնել եմ խմբ. մասնաժողովի նախագահ արժ. Գյուտ ա. ք. Աղանյանին, երբ աշխատությունս վարչությանդ ներկայացնելու խնդրանոք հանձնեցի նրան իր տանը, և նույն մասնաժողովի անդամ պ. Թորոսյանին մի մասնավոր խոսակցության ժամանակ, ուրեմն ես չեմ կարող մեղադրվել այն բանում, թե «կանխօրոք» չեմ հայտնել այդ մասին։ Թերևս այդ բանը պարտավոր էի անել գրավոր կերպով կամ ուղղակի աշխատությանս վրա հիշատակել այդ, բայց հեղինակի վրա Հրատ. ընկերության կողմից այդպիսի մի պարտավորություն դնող կանոն եթե կա, ինձ անհայտ էր և եթե հայտնի լիներ, ես անշուշտ կվարվեի ըստ այդ կանոնի և արդեն ուրիշ կերպ վարվել էլ չէի կարող։

Այս բացատրությունը տալուց հետո ինքնըստինքյան հասկանալի է, որ ես չեմ կարող պատասխանել վարչությանդ այն հարցումին, թե ինչ ձևով կկամենամ «վերադարձնել թյուրիմացությամբ ստացված ավելորդ գումարը», քանի որ ինձ համար պարզ չէ, թե ո՛վ է այդ թյուրիմացության աղբյուրը, որը համենայն դեպս ինձ չեմ համարում և առհասարակ զայրույթով մերժում եմ որևէ կասկած և ակնարկ, թե ես աշխատել եմ իսկությունը ծածկել «ավելորդ» գումար կորզելու միտումով, մանավանդ որ (կրկնում և շեշտում եմ այս կետը) աշխատությանս համար վարձատրության չափ որոշողը ես չեմ եղել և այդ բանում ոչ մի մասնակցություն չեմ ունեցել՝ որևէ պայման կամ պահանջ դնելով։

Խորին հարգանքով
Նար-Դոս