ՏԵՍԻԼ 5
Նույնք: Մտնում է սպասուհին:
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ ես ուզում։
ՍՊԱՍՈՒՀԻ.— Տիրուհին դռնապանի ձեռքով նամակ էր ուղարկել Վիկտոր Միխայլովիչին։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ի՞նչ տիրուհի։
ՍՊԱՍՈՒՀԻ.— Ելիզավետա Անդրեևնան, տիրուհի։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Է, հետո՞:
ՍՊԱՍՈՒՀԻ.— Վիկտոր Միխայլովիչը հրամայել է ասել, որ այս րոպեիս կգա ինքը։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (զարմացած).— Հենց նոր նրա մասին էինք խոսում: Միայն թե չեմ հասկանում ինչո՛ւ։ (Սաշային): Դու չգիտե՞ս։
ՍԱՇԱ.— Գուցե գիտեմ, գուցե և չգիտեմ։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Միշտ գաղտնիքներ։
ՍԱՇԱ.— Լիզան կգա, նա կասի ձեզ։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (գլուխը շարժելով, սպասուհուն). իսկ հեշտաեռը պետք է տաքացնել։ Առ տար, Դունյաշա։
(Սպասունին վերցնում է հեշտաեռը և գնում է):
ՏԵՍԻԼ 6
Աննա Պավլովնա և Սաշա
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ (Սաշային, որ վեր է կացել և ուզում է գնալ).— Հենց այնպես էլ դուրս եկավ, ինչպես որ ասում էի. իսկույն ուղարկել է նրա ետևից։
ՍԱՇԱ.— Ուղարկել է, գուցե բոլորովին ոչ այն նպատակով։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հապա ինչո՞ւ է ուղարկել։
ՍԱՇԱ.— Այժմ, այս րոպեին, Կարենինը նրա համար նույնն է, ինչ որ Տրիֆոնովնան։
ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ա՛յ, կտեսնես։ Չե՞մ ճանաչում նրան, ինչ է։ Նա կանչում է Կարենինին, ուզում է, որ մխիթարի իրեն։
ՍԱՇԱ.— Ախ, մամա՛, ինչքան քիչ եք ճանաչում նրան, որ կարողանում եք կարծել, թե...