Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/245

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է



ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Հենց ցավն էլ այդ է, որ նա ձեզ ամենքիդ էլ խելքահան է արել։ Բայց ոչ ինձ, ոչ, ներողություն կանես։ Ես նրան ճանաչում եմ, և նա գիտե այդ։ Լիզայի տեղը որ լինեի, ոչ թե այժմ, այլ մի տարի առաջ արդեն կթողնեի նրան։

ՍԱՇԱ.— Ի՜նչպես դուք այդ հեշտ եք ասում։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.- Ո՜չ, հեշտ չեմ ասում։ Հեշտ չէ, որ մայրն իր աղջկան ամուսնուց բաժանված տեսնի։ Հավատա, ամենևին էլ հեշտ չէ։ Բայց այդ ավելի լավ է, քան թե մի ջահել կյանք կործանվի։ Չէ, շնորհակալ եմ աստծուց, որ Լիզան այժմ վճռել է, և ամեն ինչ վերջացած է։

ՍԱՇԱ.— Գուցե և վերջացած չէ։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Հա՛։ Թող մի ապահարզան տա։

ՍԱՇԱ.— Հետո այդ լա՞վ կլինի։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Այն կլինի, որ Լիզան ջահել է և դեռևս կարող է բախտավոր լինել։

ՍԱՇԱ.— Ախ, մամա՛, այդ սարսափելի է, ինչ որ ասում եք։ Լիզան չի կարող ուրիշի սիրել։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչո՞ւ չի կարող։ Եթե նա ազատ լինի: Կգտնվեն ձեր Ֆեդյայից էլ հազարապատիկ ավելի լավ մարդիկ և բախտավոր կլինեն, որ ամուսնանան Լիզայի հետ։

ՍԱՇԱ.— Մամա՛, այդ լավ չէ։ Դուք, հո ես գիտեմ, մտածում եք Վիկտոր Կարենինի մասին։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Ինչո՞ւ չպիտի մտածեմ նրա մասին։ Տասը տարի է, որ սիրում է Լիզային, և Լիզան էլ սիրում է նրան։

ՍԱՇԱ.— Սիրում է, բայց ոչ այնպես, ինչպես ամուսնուն։ Դա մանկական հասակից ի վեր շարունակվող բարեկամություն է։

ԱՆՆԱ ՊԱՎԼՈՎՆԱ.— Գիտե՛նք մենք այդ բարեկամությունները։ Դու ասա միայն, որ արգելքներ չլինեն։