Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/33

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


ՄԻ ՄԻՏՔ

Երբ մեր կյանքի ծանր հոգսը
Դառնացնում է իմ հոգին,
Եվ ապագան յուր քաոսը
Բացում է իմ առաջին,—
Հայնժամ, կարծես, ծանր մի քար
Ճնշում է սիրտս անդադար։

Հանկարծ ծանր քարը զգում եմ,
Թե ընկնում է իմ սրտից,
Եվ մի րոպե ես շնչում եմ
Ազատ, թեթև, ոգելից,
Եվ կորչում է ամեն քաոս,
Նույնպես և ամեն ծանր հոգս.

Որովհետև այդ ժամանակ
Մի քաղցր միտք իմ գլխում
Արագընթաց, որպես կայծակ,
Պայծառ լույս է արձակում.
Ո՜հ, այդ միտքը է ավետիս՝
«Այսօր, թե վաղը պիտ՝ մեռնիս»։

13 հուլիսի 1886.


ՉԱՐ ԲԱԽՏԻՆ

Հասե՛լ է ժամը։ Երբ դեռ ես մանուկ,
Բնավ չէի տեսել քո դեմքը դաժան,
Երբ դու — ո՞վ գիտե — իմ սիրտը փափուկ.
Համարում էիր դեռ շատ թույլ մանկան,
Եվ ընդունելով կեղծ դիմակ վերադ,
Ցույց էիր տալիս դեպ’ ինձ սեր անհուն,
Ու խաղում էիր ինձ հետ անընդհատ,
Որպես մկան հետ խորամանկ կատուն.—