Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Հա՛, այդ ժամանակ իմ սիրտը անմեղ
Երջանկության մեջ դեռ թրթռում էր,
Թե ի՛նչ է վիշտը կամ վշտի հեղեղ,
Ո՜հ, բնավ, բնավ նորան ծանոթ չէր.
Նա ի՛նչ կարող էր հասկանալ, որ այդ
Քո ճիզվիտական դիմակի տակից
Ի՜նչ դժոխային սոսկալի հրացայտ
Եվ ժանտ աչքերով էիր նայում ինձ։

Իսկ այժմ ժամը հասել է արդեն,—
Դու քո դիմակը մի կողմն ես նետել...
Ո՜հ, ինչ թաքցնեմ, ես քո այդ դեմքեն
Չեմ կարող գոնե փոքր ինչ չըսարսել...
Բայց կա՛ց, այդ ի՞նչ է... դու ծիծաղում ես,
Որ իմ երկյուղս խոստովանվում եմ,
Եվ դու, ո՛վ դաժան, արդեն կարծում ես,
Որ ճիվաղներիդ տակ ես ընկճվո՞ւմ եմ։

Ո՜հ, երբե՛ք, երբե՛ք։ Որպեսզի թեքեմ
Ճիվաղներիդ տակ գլուխս հպարտ,
Հարկավոր է, որ նախ հուսահատվեմ
Եվ կորցնեմ իսպառ ես ամեն հավատ,
Հարկավոր է, որ ուժերս սպառվեն
Մինչև հետինը ամենաչնչին.
Հարկավոր է, որ հավիտյան արդեն
Կյանքիս հորիզոն մթագնած տեսնիմ...

Բայց ես քանի որ ապագա ունեմ,
Ապագա պայծառ, վեհ ու սրբազան,
Որին սիրատենչ սրտով սիրում եմ,
Ինչպես մայրը յուր հարազատ մանկան.
Եվ քանի որ այդ պաշտած ապագան
Կազմում է միակ նպատակ կյանքիս,
Որը քաղցրությամբ յուր կախարդական
Գրավում է միշտ իմ մանուկ հոգիս.—