Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Կսկսեմ սկզբից, ջանիկս, ավելի կարգով կլինի։ Նախ, մեր տանը մաքուր մուտքում սանդուղքները բավական միջակ են. մանավանդ գլխավոր մուտքը մաքուր է, լուսավոր, լայն, բոլորը չուգուն և կարմիր փայտ։ Բայց հետին մուտքի մասին արդեն էլ մի հարցնեք. պտուտակաձև, խոնավ, կեղտոտ, աստիճանները կոտրատված, և պատերն այնքան թաց, որ հենվելիս ձեռքդ կպչում է նրանց։ Ամեն մի հրապարակի վրա կոտրած սնդուկներ, աթոռներ ու պահարաններ են դրված, փալասներ են կախված, պատուհանները ջարդված են, տաշտեր են դրված ամեն տեսակ կեղտոտություններով, ցեխով, աղբով, ձվի կճեպներով և ձկան փուչիկներով, վատ հոտ է կանգնած... մի խոսքով՝ լավ չէ։

Ես արդեն նկարագրել եմ ձեզ սենյակների դասավորությունը. խոսք չկա, ճիշտ է, հարմար է, բայց մի տեսակ օդ չկա նրանց մեջ, այսինքն, չեմ ուզում ասել, թե վատ հոտ է կանգնած, այլ, եթե կարելի է այսպես ասել, մի քիչ մգլած, ինչ-որ սուր քաղցրավուն հոտ է գալիս։ Սկզբում տպավորությունն աննպաստ է. բայց այդ վնաս չունի, մի-երկու րոպե որ մնում ես, տեսնում ես՝ ամեն բան անցնում է և չես զգում, թե ինչպես է անցնում, որովհետև քեզանից էլ մի տեսակ վատ հոտ է գալիս, և շորերդ էլ են հոտում, ձեռքերդ էլ են հոտում, ամեն բան հոտում է,— ու ահավասիկ սովորում ես։ Մեզանում սարյակները սատկում են շարունակ։ Միչմանն արդեն հինգերորդն է գնում,— չեն ապրում մեր օդում։ Խոհանոցը մեզանում մեծ է, ընդարձակ, լուսավոր։ Ճիշտ է, առավոտները մի քիշ վատ հոտ է կանգնում, երբ ձուկ կամ տավարի միս են տապակում և ամեն տեղ թափում ու թրջում, բայց դրա փոխարեն երեկոները դրախտ է։ Մեզ մոտ խոհանոցում թոկերի վրա միշտ հին սպիտակեղեն է փռված, և որովհետև իմ սենյակը հեռու չէ, այսինքն՝ համարյա թե կպած է խոհանոցին, սպիտակեղենի հոտը մի քիչ անհանգստացնում է ինձ. բայց վնաս չունի, կապրեմ, կսովորեմ։

Ամենավաղ առավոտվանից, Վարինկա, մեզանում սկսվում է շարժումը, վեր են կենում, ման են գալիս, թրխկացնում, շրխկացնում, որը պաշտոնի գնալու է պատրաստվում, որը՝ ով գիտե ինչ, որը հենց այնպես, ամենքը սկսում են