Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/366

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պե՞ս թե բոլորը, այսինքն բոլո՞ր գրքերը..․» —«Հա, էլի՞, բոլոր գրքերը»։— «Եվ ի՞մ կողմից» — «Ձեր կողմից»։ — «Մենակ ի՞մ կողմից, այսինքն ի՞մ անունից»։— «Հա, էլի՜, ձեր անունից...»։ Ես կարծում եմ, շատ պարզ էի հասկանում, բայց ծերունին շատ երկար չէր կարողանում հասկանալ ինձ։

— Հա՛,— ասում էր նա մտածության մեջ ընկնելով,— հա՛, այդ շատ լավ կլինի, այդ խիստ լավ կլինի, բայց հետո դո՞ւք, Վարվառա Ալեքսեևնա։— «Դե, ես ինչ, ես ոչինչ չեմ նվիրի»։— «Ո՞նց թե,— բացականչեց ծերունին, գրեթե վախեցած.— ուրեմն դուք Պետինկին ոչինչ չե՞ք նվիրի, ուրեմն ոչինչ չե՞ք ուզում նվիրել նրան»։ Ծերունին վախեցել էր. այդ րոպեին թվում էր, թե պատրաստ էր հրաժարվելու իր առաջարկից, որպեսզի ես կարողանայի որևէ բան նվիրած լինել իր որդուն։ Բարի մարդ էր այդ ծերունին։ Ես հավատացրի նրան, թե ուրախ կլինեի որևէ նվեր տալ, բայց չեմ ուզում զրկել իրեն հաճույքից։— «Եթե ձեր որդին գոհ կմնա ձեզնից,— ավելացրի ես,— և դուք էլ ուրախ կլինեք, դրանով ես էլ ուրախ կլինեմ, որովհետև ծածուկ կերպով սրտիս մեջ կզգամ, թե իսկապես ես եմ նվիրել»։ Սրանով ծերունին բոլորովին հանգստացավ։ Նա դարձյալ երկու ժամ մնաց մեզ մոտ, բայց այդ ամբողջ ժամանակ տեղումը նստել չէր կարողանում, վեր էր կենում, այս ու այն բանին ձեռ տալիս, աղմկում, չարություն անում Սաշայի հետ, ծածուկ համբարում ինձ, ձեռքս կսմթում և թաքուն ծամածռություններ անում Աննա Ֆյոդորովնայի կողմը։ Աննա Ֆյոդորովնան վերջապես դուրս արավ նրան տնից։ Մի խոսքով՝ ծերունին հրճվանքից խելքն այնպես կորցրել էր, ինչպես գուցե երբեք։

Հանդիսավոր օրը նա եկավ ուղիղ ժամը տասնմեկին, ուղղակի պատարագից, կարգին կարկատած ֆրակով և իսկապես նոր ժիլետով ու կոշիկներով։ Երկու ձեռքին էլ մի-մի կապոց գիրք կար։ Այն ժամանակ մենք նստած էինք Աննա Ֆյոդորովնայի մոտ և սուրճ էինք խմում (օրը կիրակի էր)։ Ծերունին կարծեմ սկսեց այն բանից, թե Պուշկինը շատ լավ ոտանավորներ գրող էր. հետո շփոթվելով և խառնվելով, հանկարծ անցավ այն բանին, թե մարդ պետք է կարգին