Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/365

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Լսեցեք,— սկսեց նա վախկոտ կերպով, կիսաձայն.— լսեցեք, Վարվառա Ալեքսեևնա... գիտե՞ք ինչ, Վարվառա Ալեքսեևնա...— ծերունին սարսափելի շփոթության մեջ էր։ — Գիտե՞ք, հենց որ նրա ծննդյան օրը գա, դուք վերցրեք տասը գիրք և նվիրեցեք դուք, այսինքն ձեր կողմից։ Իսկ ես կվերցնեմ մեկը և նույնպես կնվիրեմ իմ կողմից, այսինքն իմ սեփական կողմից։ Այսպիսով, գիտե՞ք, դուք էլ նվիրելու բան կունենաք, ես էլ, երկուսս էլ կունենանք։— Այստեղ ծերունին շփոթվեց և լռեց։ Ես նայեցի նրան. վախկոտությամբ սպասում էր իմ դատավճռին։— «Բայց ինչո՞ւ եք ուզում, որ մենք միասին չնվիրենք, Զախար Պետրովիչ»։ «Հենց այնպես, Վարվառա Ալեքսեևնա, հենց այնպես, ուրիշ ոչինչ... ես հո, այնպես, էլի՜...»։ Մի խոսքով՝ ծերունին շփոթվեց, կարմրեց, կապ ընկավ և չկարողացավ տեղից շարժվել։

— Գիտե՞ք,— բացատրեց նա, վերջապես։— Ես, Վարվառա Ալեքսեևնա, երբեմն գժություններ եմ անում... այսինքն ուզում եմ ասել, որ ես համարյա թե գժություններ եմ անում և միշտ էլ գժություններ եմ անում... անում եմ այն, ինչ որ լավ չէ... այսինքն, գիտե՞ք, դուրսն այնպիսի ցրտեր են լինում, երբեմն էլ զանազան անախորժություններ են լինում, կամ թե այնպես մի տեսակ տխուր եմ լինում, այնպես որ երբեմն չեմ դիմանում, գժություն եմ անում, խմում եմ, երբեմն էլ մի քիչ ավելի։ Պետրուշին այս բանը դուր չի գալիս։ Նա, գիտե՞ք, Վարվառա Ալեքսեևնա, բարկանում է, ուշունց է տալիս ինձ, զանազան խրատներ է կարդում։ Հրես ես էլ ուզում եմ ապացուցել նրան իմ նվերով, որ ուղղվում եմ և սկսում եմ կարգին պահել ինձ, որ հրես փող եմ հավաքել, որ գիրք առնեմ. շատ ժամանակ է հավաքում եմ, որովհետև փող համարյա թե իսկի էլ չեմ ունենում, ունենում եմ միայն այն ժամանակ, երբ Պետրուշան մի-մի անգամ տալիս է։ Այս նա գիտի։ Հետևաբար, հրես նա էլ կտեսնի իմ փողերի գործածությունն ու կիմանա, որ այս բոլորը ես մենակ իր համար եմ անում։

Շատ խղճացի ծերունուն։ Երկար չմտածեցի։ Ծերունին նայում էր ինձ անհանգիստ։ «Լսեցե՛ք, Զախար Պետրովիչ,— ասացի ես.— գրքերը դուք նվիրեցեք նրան բոլորը»։— «Ինչպես