Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/378

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
Հունիս 22

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ծանուցանում եմ ձեզ, իմ հարազատ, որ մեր բնակարանում ամենախղճալի մի անցք պատահեց, իսկական-իսկական խղճահարության արժանի։ Այսօր առավոտյան հինգերորդ ժամին մեռավ Գարշկովի փոքրիկը։ Միայն թե չգիտեմ ինչից, սկարլատինա էր, թե ինչ, աստված գիտե։ Այցելեցի այդ Գարշկովներին։ Օ՜հ, ջանիկս, ինչքա՜ն աղքատ են։ Եվ ի՜նչ անկարգություն։ Զարմանալի էլ չէ. ամբողջ ընտանիքն ապրում է մի սենյակում, միայն պատվարներով բաժանված՝ վայելչության համար։ Նրանց մոտ արդեն դագաղիկն էլ է դրված, հասարակ, բայց բավական լավ դագաղիկ, պատրաստի են առել. տղան տասը տարեկան էր, հույսեր էր տալիս, ասում են։ Մարդ խղճահարվում է նրանց նայելիս, Վարինկա։ Մայրը լաց չի լինում, բայց այնքա՜ն տխուր է խեղճը։ Նրանց համար գուցե և թեթևություն է, որ մեկից ազատվել են, իսկ նրանց մոտ դարձյալ երկուսն են մնացել, մեկը ծծի, մյուսը՝ մի փոքրիկ աղջիկ, այսպես վեց տարեկանից մի քիչ մեծ։ Ինչ մի հաճելի բան է, իսկապես, որ տեսնում ես, երեխադ տանջվում է, այն էլ հարազատ զավակդ ու ոչինչ չունես, որ օգնես։ Հայրը նստած է հին, յուղոտած ֆրակով, ջարդված աթոռի վրա։ Արտասուքները կաթում են գուցե և ոչ վշտից, այլ հենց այնպես, ըստ սովորականին, աչքերն արտասվակալում են աչքացավից։ Այնքան տարօրինակ մարդ է։ Միշտ կարմրատակում է, որ խոսում ես հետը, շփոթվում է ու չի իմանում՝ ինչ պատասխանի։ Փոքրիկ աղջիկը կանգնած է դագաղին կռթնած ու այնպես տխուր է, մտածկոտ խղճուկը։ Իսկ ես, ջանիկս, Վարինկա, չեմ սիրում, որ երեխան մտածության մեջ է ընկնում, չի դուր գալիս նայելը։ Փալասներից շինած ինչ-որ տիկնիկ է ընկած նրա մոտ հատակի վրա, չի խաղում, մատիկը դրել է շրթներին, կանգնած է իր համար, չի շարժվում։ Տանտիրուհին կանֆետ տվեց նրան, վերցրեց, բայց չկերավ։ Տխուր բան է, Վարինկա, չէ՞։

Մակար Դեվուշկին։