Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/425

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կալբասից-բանից բերի՝ ուտեմ, չի գնում, գործ ունեմ, ասում է, Բայց չէ՞ որ դու պարտական ես, ասում եմ։ «Իսկի էլ պարտական չեմ, ասում է. հրեն, դուք իմ աղջիկ պարոնին փող չեք վճարում, էլ ինչու պարտական պիտի լինեմ ձեզ»։ Չհամբերեցի, չկարողացա տանել այդ անկիրթ մուժիկի հասցրած վիրավորանքը և ասացի՛, «հիմար», իսկ նա ինձ թե՝ «հիմարից եմ լսում»։ Կարծեցի, թե հարբած տեղն ասաց այդ կոպտությունը և ասացի, դու հարբած ես, բռի մուժիկ. իսկ նա թե՝ ի՞նչ է, դո՞ւք թավազա արիք. դուք ինքներդ խմելու բան ունե՞ք որ. մի ինչ-որ աղջկանից եք կոպեկներ մուրում ի սեր Քրիստոսի» ու դեռ ավելացրեց էլ. «է՜հ, և դուք պարոն եք մթամ»։ Ահա, ջանիկս, ահա թե բանն ուր է հասել։ Էլ հալ չմնաց, Վարինկա, ապրելու. կասես գլխիս տվել շշմեցրել են. պասպորտ չունեցող որևէ մի թափառականից էլ վատ եմ դառել։ Ծանր են աղետները, կործանվեցի ես, ուղղակի կործանվեցի, անդարձ կործանվեցի։

Մ. Դ.
Օգոստոս 13

Ամենասիրելի Մակար Ալեքսեևիչ։ Շարունակ դժբախտություններ ու դժբախտություններ, ես ինքս էլ արդեն չգիտեմ, ինչ անեմ։ Ի՞նչ պիտի անեք դուք այժմ, իսկ ինձ վրա հույս մի՜ ունենաք.— այսօր հարթուկով այրեցի ձախ ձեռքս. ձեռքիցս ընկավ, հա՜մ ջարդեց, հա՜մ այրեց։ Աշխատել ոչ մի կերպ չեմ կարող, իսկ Ֆեդորան արդեն երրորդ օրն է՝ հիվանդ է։ Չափազանց անհանգիստ եմ։ Ուղարկում եմ ձեզ երեսուն կոպեկ արծաթ, դա համարյա թե մեր վերջին ունեցածն է, իսկ, աստված գիտենա, այնպես ուզում եմ օգնել ձեզ այժմ, որ այդքան կարիքի մեջ եք։ Լացս գալիս է բարկությունից։ Մնաք բարով, իմ բարեկամ։ Շատ կմխիթարեք ինձ, որ այսօր գաք մեզ մոտ։

Վ. Դ.