Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քիչ արատավոր էլ է. նրան արձակել են ծառայությունից և թեև չեն գտել, որ նա հիմնովին մեղավոր է, բայց մինչև իր կատարելապես արդարացումը նա մինչև այժմ չի կարողանում վաճառականից ստանալ իրեն հասանելիք ինչ-որ մի խոշոր գումար, որ դատարանով պահանջում է նրանից։ Ես նրան հավատում եմ, բայց դատարանը նրա լոկ խոսքին չի հավատում, գործն այնպիսի գործ է, այնպես խճճված ու մճճված, որ հարյուր տարումն էլ չես կարող հետ տալ։ Հենց որ կծիկի թելը միքիչ հետ են տալիս, վաճառականը նոր ու նոր կշկուոներ է ավելացնում։ Ես ի սրտե կարեկցում եմ Գարշկովին, բալիկս, ցավում եմ նրա համար։ Մարդն առանց պաշտոնի է. անհուսալիության պատճառով ոչ մի տեղ չի ընդունվում. ունեցած պաշարը կերել են. գործը խճճված է, մինչդեռ ապրել հարկավոր է. թարսի պես էլ, բոլորովին անհարկավոր տեղը, երեխա է ծնվել,— այստեղ էլ նոր ծախսեր, տղան հիվանդացավ — ծախսեր, մեռավ — ծախսեր, կինը հիվանդ է. ինքը Գարշկովը տկար է, ինչ-որ հնացած հիվանդությամբ, մի խոսքով մարդը քանդվել, քարն է քսվել բոլորովին։ Սակայն, ասում է, թե սպասում է, որ այս օրերս նպաստավոր լուծում կստանա իր գործը և թե այժմ արդեն ոչ մի կասկած չկա դրանում։ Ցավում, ցավում, շատ եմ ցավում նրա համար, ջանիկս։ Ես նրան խրախուսեցի։ Կորած, աչքը վախեցած մարդ է. հովանավորության պետք ունի, դրա համար էլ ես խրախուսեցի նրան։ Դե՛, մնաք բարով, ջանիկս, Քրիստոսը ձեզ հետ, ողջ մնաք։ Աղավնյակդ իմ, հենց որ հիշում եմ ձեզ, ոնց որ սպեղանի դնես իմ հիվանդ հոգուն, և թեև տանջվում եմ ձեզ համար, բայց և այնպես ձեզ համար տանջվելն էլ թեթևություն է ինձ համար։

Ձեր իսկական բարեկամ Մակար Dեվուշկին

Սեպտեմբեր 9

Ջանիկս, Վարվառա Ալեքսեևնա։

Գրում եմ ձեզ՝ ինքս ինձ կորցրած։ Ես ամբողջովին հուզված եմ մի սոսկալի պատահարից։ Գլուխս պտտվում է: