Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/448

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերպով եմ ասում.— լսեցեք ինձ, ջանիկս, լավ լսեցեք երդվում եմ, որ ինչքան էլ որ մեր թշվառության դաժան օրերին կործանվում էի ես հոգեկան վշտից, նայելով ձեզ, ձեր դժբախտություններին և ինձ, իմ ստորացմանը և անընդունակությանը, չնայելով այս բոլորին, երդվում եմ ձեզ, որ հարյուր ռուբլին ինձ համար այնքան թանկ չէ, որքան այն, որ նորին գերազանցությունն ինքը ինձ, ծղոտիս, արբեցողիս, բարեհաճեց սեղմել իմ անարժան ձեռքը։ Այս վարմունքով նա իմ հոգուն հարություն տվավ, հավիտյանս հավիտենից քաղցրացրեց իմ կյանքը, և ես հաստատ համոզված եմ, որ որքան էլ որ մեղավոր եմ ամենաբարձյալի առաջ, բայց իմ աղոթքը նորին գերազանցության երջանկության և բարօրության համար կհասնի նրա աթոռին...

Ջանիկս։ Ես այժմ հոգեկան սարսափելի այլայլման մեջ եմ, սարսափելի հուզման մեջ։ Սիրտս տրոփում է, ուղում է դուրս պրծնել կրծքիցս։ Եվ ինքս ամբողջապես մի տեսակ կարծես թե թուլացել եմ։— Ուղարկում եմ ձեզ 45 ռուբլի ասիգնացիա, 20 ռուբլի տանտիրուհուն եմ տալիս, ինձ մոտ թողնում եմ 35 ռուբլի, որից 20-ով հագուստս կնորոգեմ, իսկ 15-ը կթողնեմ ապրուստիս համար։ Բայց թե հիմա, առավոտվա այդ բոլոր տպավորությունները ցնցել են ամբողջ էությունս։ Կպառկեմ։ Ասենք, հանգիստ եմ, շատ եմ հանգիստ։ Միայն թե հոգիս է տրորվում, և լսում եմ, որ այնտեղ, խորքում, հոգիս դողում է, թպրտում, շարժվում։— Կգամ ձեզ մոտ, իսկ այժմ ուղղակի հարբած եմ այդ բոլոր զգացողություններից... Աստված տեսնում է ամեն բան, ջանիկս, դուք իմ անդին աղավնյակ։

Ձեր արժանավոր բարեկամ՝ Մակար Դեվուշկին

Սեպտեմբեր 10

Ես անչափ ուրախ եմ ձեր բախտավորության համար և գիտեմ գնահատել ձեր մեծավորի առաքինությունները, իմ բարեկամ։ Այդպես ուրեմն, այժմ կհանգստանաք ձեր դարդերից։