Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/464

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ի սեր աստծու, իմ բարեկամ, ոչինչ չմոռանաք, ինչ որ ասացի։ Շարունակ վախենում եմ, որ սխալվեք։ Ուրեմն հիշեցեք, տամբուրով և ոչ թե հարթակարով։

Վ․ Դ.
Սեպտեմբեր 27

Ողորմած տիրուհի, Վարվառա Ալեքսեևնա։

Ձեր բոլոր հանձնարարությունները կատարեցի ժրաջան կերպով։ Մադամ Շիֆոնն ասում է, թե ինքն էլ արդեն ուզում էր կարել տամբուրով, թե այդ ավելի վայելուչ է, թե ինչ, չգիտեմ, լավ չհասկացա։ Մեկ էլ ինչ-որ ֆալբալա էիք գրել, ֆալբալայի մասին էլ խոսեց։ Միայն թե ջանիկս մոռացա թե ինչ էր ասում ֆալբալայի մասին։ Միայն հիշում եմ, որ խիստ շատ էր խոսում. այնպիսի անպիտան կին է։ Էլ ինչ ասա՞ց։ Հա՛, ինքը կգա ամեն բան կպատմի ձեզ։ Ես, ջանիկս, բոլորովին հոգնել եմ։ Այսօր պաշտոնիս էլ չգնացի։ Մի այն թե դուք, բալիկս, իզուր եք հուսահատվում։ Ձեր հանգստության համար ես պատրաստ եմ բոլոր խանութները ման գալու։ Գրում եք, թե վախենում եք խորը նայել ապագային։ Բայց չէ՞ որ այսօր ժամը յոթին կիմանաք ամեն ինչ։ Մադամ Շիֆոնը ինքը կգա ձեզ մոտ։ Ուրեմն մի հուսահատվեք. հուսացեք, ջանիկս, գուցե թե ամեն ինչ լավ կլինի։ Է՜հ ֆալբալա, ֆալբալա, անիծյալ ֆալբալա։ Ես կվազեի ձեզ մոտ, հրեշտակիկ, կվազեի, անպատճառ կվազեի, արդեն մի-երկու անգամ մոտեցա էլ ձեր տան բակի դռանը։ Բայց շարունակ Բըկովը, այսինքն՝ ուզում եմ ասել, պարոն Բըկովը միշտ այնպես չարացած է լինում, որ... է՜հ, էլ ինչ ասեմ։

Մակար Դեվուշկին
Սեպտեմբեր 28

Ողորմած տեր Մակար Ալեքսեևիչ։

Ի սեր աստծու, այս րոպեիս վազեցեք ականագործի մոտ։ Ասացեք նրան, որ ականջի օղերը հարկավոր չէ մարգարիտով