Էջ:Nar-Dos, Collected works, vol. 4 (Նար-Դոս, Երկերի ժողովածու, հատոր 4-րդ).djvu/75

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Իմ ժամանակ հայերեն գրքի տպագրության ամենամեծ տիրաժը կազմում էր 1000—1500 օրինակ, մի քիչ պակաս կամ ավելի, և մի քանի տասնյակ տարիներ էին հարկավոր, որ այդ 1000—1500 օրինակն սպառվեր, եթե միայն սպառվեր, իսկ վերահրատարակության մասին խոսք չէր կարող լինել։ Այժմ հայերեն գիրքը տպագրվում է հազարավոր օրինակներով և ոչ թե միայն մի քանի տասնյակ, այլ մի քանի տարին էլ, եթե ոչ երբեմն և մի քանի ամիսը, բավական է, որ սպառվի և վերահրատարակության պետք զգա։

Իմ ժամանակ հայ գրողը գրում էր և հայ խմբագիրն էլ տպագրում էր նրա գրվածքը՝ այսպես ասած՝ ազգասիրաբար, այսինքն ձրիաբար, այժմ նրա գրված ամեն մի տողը վարձատրվում է, ինչպես ամեն մի աշխատանք։

Իմ ժամանակ հայ սկսնակ գրողը թողնված էր բախտի բերմունքին, մեն մենակ, առանց նեցուկի, առանց ղեկավարի. այժմ սկսնակ գրողը հենց որ փոքր ինչ շնորհք է ցուցադրում, շրջապատվում է այնպիսի հոգատարությամբ, նրա առջև բացվում են զարգանալու և ստեղծագործելու հնարավորություններ, որոնց մասին իմ ժամանակ երազել անգամ չէր կարելի։

Ու որ մտածում եմ այս մասին, որքան բախտավոր եմ համարում մեր այժմյան երիտասարդ գրողներին, մեր պրոլետգրողներին, որոնց վիճակվել է ասպարեզ գալ և ստեղծագործել խորհրդային կարգերում։

Դառնալով նվաստիս պատվին տրված այս հանդիսավոր երեկույթին, ես չեմ կարող այս առթիվ ձեր ուշադրությունը չհրավիրել, ընկերնե՛ր, դեպի ոչ հեռավոր անցյալը, դեպի ցարական ժամանակները, ցույց տալու համար դարձյալ մի անհամեմատելի տարբերություն, մի սուր հակադրություն անցյալի և ներկայի միջև, երեկվա և այսօրվա միջև։

Ցարական ռեժիմի ժամանակ այն ո՞ր գրողն էր,— չեմ ասում մեզ պես մանր, այսպես կոչված՝ հպատակ ազգությունների, այլև իրեն իսկ ռուս մեծ, վելիկոդերժավ ազգի,— այն ո՞ր գրողն էր ասում եմ, որ կհանդգներ երազել անգամ, թե նորին կայսերական մեծության լուսավորության պարոն մինիստրը իր բարձր հովանավորության տակ կառնի իր հոբելյանը և իր անհասանելի բարձունքից կիջնի նախագահելու