Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

որը ծայրագույն հափշտակության պահերին հատուկ է միայն հարբեցողներին ու անուղղելի թմրամոլներին:

Այդպես էր նա խոսում իմ այցելության, ինձ տեսնելու անկեղծ ցանկության և այն սփոփանքի մասին, որը հույս ուներ ստանալ իմ ներկայությունից։ Հետո նա անցավ իր հիվանդությանը, որը, իր կարծիքով, ժառանգական չարիք էր և որի դեմ հավանաբար միջոց չկար. սոսկ նյարդային խանգարում, հապճեպ ավելացրեց նա, որն, անկասկած, շուտով պիտի անցներ։ Հիվանդությունը դրսևորվում էր բազում տարօրինակ զգայություններում, որոնք շփոթեցրին և չափազանց հետաքրքրեցին ինձ, չնայած դրանում երևի պակաս դեր չխաղաց նաև շարադրանքի ընդհանուր ոճը։ Նա շատ էր տառապում զգայարանների դյուրաբորբոքությունից՝ ուտում էր միայն անհամ կերակուրներ, չէր դիմանում ծաղիկների բույրին, ամենաթույլ լույսն իսկ նրա աչքն էր ծակում, և միայն լարային գործիքների ձայնն էր, որ նրան սարսափ չէր ներշնչում։

Պարզվեց նաև, որ նա անհիմն ու անբացատրելի վախի գերի է:

− Ես կկործանվեմ,− ասում էր նա,— Ես պիտի կործանվեմ թշվառ խենթությանս մեջ։ Այդպես և այլ ոչ մի կերպ պիտի կորչեմ ես։ Ես սոսկում եմ ապագայի եղելություններից, ոչ թե ինքնին, այլ դրանց հետևանքներից։ Ես փշաքաղվում եմ չնչին պատահարի մասին իսկ մտածելուց, որը կարող է խթանել հոգուս խռովությունը։ Ինձ ահաբեկում է ոչ թե վտանգը, այլ նրա հետևանքը՝ սարսափը: Ես կանխազգում եմ՝ այս ողորմելի, խարխլված վիճակում տանուլ կտամ և՛ գիտակցությունս, և՛ կյանքս, պայքարելով մռայլ ուրվականի՝ ՎԱԽԻ դեմ։

Որոշ ժամանակ անց Աշըրի կցկտուր և երկիմաստ ակնարկներից երևան եկավ նրա հիվանդագին վիճակի մի այլ յուրահատկություն։ Նա սնահավատությամբ էր վերաբերվում իր տանը, որտեղ այդքան տարի ապրել էր և որը երբեք չէր լքել։ Նրան կաշկանդում էր խորհրդավոր մի ուժ, որի էությունն անկարելի էր ըմբռնել իր տված աղոտ բացատրությունների միջոցով։ Ապարանքի որոշ յուրահատկություններ ժամանակի ընթացքում տիրացել էին իր հոգուն, և զուտ նյութական պարագաները՝ գորշ պատերն ու աշտարակները և դրանք արտացոլող մռայլ լճակն ազդում էին արդեն նրա հոգեկանի վրա։

Այսուհանդերձ նա, վարանելով, բայց ընդունեց, որ իր վիշտը