քանդակների խորքը։ Պատերը վարագուրված էին մռայլ պաստառներով։ Հինավուրց բազմազարդ կահույքը անհարմար էր ու քնձռոտած։ Սենյակով մեկ ցրված բազմաթիվ գրքերն ու երաժշտական գործիքները աշխուժություն չէին մտցնում տեսածիս մեջ։ Իմ ներշնչած օդը թախծոտ էր ու մռայլ։ Ամեն ինչ տոգորված էր խոժոռ, անամոք վշտի մթնոլորտով։
Մտնելուս պես Աշըրը ելավ բազմոցից, որին մինչ այդ փռված էր, և սրտանց ողջունեց ինձ։ Նման ջերմ ընդունելությունն ինձ մի պահ չափազանցված թվաց, սակայն նրա դեմքը կատարյալ անկեղծություն էր վկայում։ Մենք նստեցինք, և նախքան ընկերս կխոսեր, ես խղճահարության ու վախի խառը զգացմունքով դիտում էի նրան։ Հիրավի, մարդ դեռ երբեք այդպիսի կարճ միջոցում և այդքան սարսափելի չէր փոխվել, որքան Ռոդրիք Աշըրը։ Ես հազիվ ինձ համոզեցի, որ առջևս նստածն ու իմ վաղեմի խաղընկերը իսկապես նույն մարդն են։ Այսուհանդերձ, նա միշտ էլ աչքի ընկնող դիմագծեր էր ունեցել։ Մեռելագույն մաշկը, խոշոր, խոնավ փայլով աչքերը, գեղեցիկ ուրվագծով բարակ և գունատ բերանը, հեբրայական նուրբ քիթը անսովոր մեծ ռունգներով, հոգեկան տկարություն ենթադրող ներս ընկած կզակը, սարդոստայնի պես նուրբ մազերը և քունքերի մոտ լայնացող ճակատը մի դեմք էին կազմում, որը դժվար թե կարելի լիներ մոռանալ։ Բայց այժմ այդ դիմագծերն այնքան էին սրվել, և դրանց հատուկ արտահայտությունն այնքան շեշտված էր, որ ես դեռևս կասկածում էի զրուցակցիս ինքնությունը։ Սփրթնած դեմքը, աչքերի անիրական փայլը ցնցել և նույնիսկ վախեցրել էին ինձ։ Թավշյա անխնամ մազերը խճճված ոստայններով ծածանվում էին դեմքի շուրջը, անմարդկային տեսք տալով նրան։
Ընկերոջս անհեթեթ շարժումներն ինձ ցնցեցին իրենց անկապությամբ։ Շուտով ես համոզվեցի, որ դա ուժգին նյարդային տենդը հաղթահարելու մշտական, բայց անզոր ու չնչին ճիգերի հետևանք էր։ Ես հենց նման մի բան էի սպասում, հիշելով ոչ միայն նրա նամակը, այլև մանկական սովորություններն ու այն ամենը, ինչ գիտեի նրա խառնվածքի և ֆիզիկական կերպարի մասին։ Նա մեկ աշխույժ էր, մեկ ընկճված։ Նրա դյուրափոփոխ ձայնը դողդոջունից (երբ թվում էր, թե կենսուժը լիովին լքել էր իրեն) հանկարծ վճռական էր դառնում, շեշտակի ծանրակշիռ երանգներով ու կոկորդային անշտապ արտասանությամբ,