Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

երկար, մռայլ նվագները անվերջ պիտի զնգան իմ ականջներում։ Իմ հիշողության մեջ դրոշմվել է մանավանդ ֆոն Վեբերի վերջին վալսի մոլեգին մթնոլորտի հիվանդոտ, վերասերված մեկնաբանությունը։ Նրա անխոնջ երևակայությամբ ստեղծվածի մշուշոտ կտավներն ինձ մոտ անբացատրելի սարսուռ էին առաջացնում, և չնայած հիմա ասես աչքիս առաջ են, դրանց գեթ մի դրվագը խոսքերով նկարագրելու իմ բոլոր փորձերը ապարդյուն պիտի լինեն: Զգայացունց այդ նկարներն ուշագրավ էին իրենց կատարյալ պարզությամբ և ուրվագծի հստակությամբ։ Եթե մարդ երբևէ պատկերել էր միտքը, այդ մարդը Ռոդրիք Աշըրն էր։ Համենայն դեպս, այն բացարձակ վերացարկումները, որոնք այդ մելամաղձիկը հաղորդում էր կտավին, ինձ անտանելի սարսափ էին ներշնչում, որպիսին ես երբեք չէի զգացել, օրինակ, Ֆիեզելիի պայծառ, բայց չափազանց մասնավոր ցնորքները դիտելիս։

Ընկերոջս զառանցագին հղացումներից մեկը, որը նվազ ենթակա էր վերացարկման ոգուն, կարելի է, չնայած թերի, բայց նկարագրել բառերով։ Դա մի փոքրիկ նկար էր, որը պատկերում էր չափազանց երկար ուղղանկյուն մի գետնախորշ կամ անցում՝ ցածր, սպիտակ ու հարթ, առանց որևէ ելուստի կամ խորանի պատերով։ Նկարի որոշ մանրամասեր վկայում էին, որ այդ ընդուղին փորված է երկրի մակերևույթից շատ մեծ խորության վրա։ Պատերի մեջ ոչ մի բացվածք չկար, չկար ոչ ջահ, ոչ էլ լույսի ուրիշ արհեստական աղբյուր, բայց և այնպես ամբողջ ընդուղին հեղեղված էր պայծառ, անբնական ու սարսռազդեցիկ լույսի խուրձերով։

Ես արդեն պատմել եմ, թե որքան հիվանդ էր Աշըրի լսողական նյարդը, որն անտանելի էր դարձնում ցանկացած մեղեդի, բացի լարային գործիքների նվագից։ Թերևս զուտ կիթառով սահմանափակվելու իրողությունն էր հենց պայմանավորել նրա մեղեդիների ֆանտաստիկ բնույթը։ Բայց դա դեռևս չէր բացատրում նրա թեթև ու հուզիչ կատարումները։ Նրա մեղեդիներն ու խոսքերը (նա հաճախ էր իր նվագը ուղեկցում հանգավորված տողերով) արդյունք էին այն գերագույն նյարդային կենտրոնացման ու խորասուզման, որը, ինչպես ասել եմ, հատուկ էր նրան արհեստական ինքնագրգռման բարձրագույն պահերին։ Ես հեշտությամբ մտապահել եմ նրա երգերից մեկի բառերը։ Ինձ ցնցել էր այն մեկնաբանությունը, որը ես տվել էի նրա ներքին,