Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/111

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ես ինձ չկորցրի այնքան, որ անզգույշ դիտողությամբ չխթանեցի ընկերոջս դյուրագրգիռ զգայնությունը: Ես համոզված չէի, որ նա նկատել էր այդ ձայնը, չնայած վերջին րոպեների ընթացքում նրա վարքն, անկասկած, փոխվել էր։ Մինչ այդ մենք նստած էինք դեմդիմաց, բայց նա հետզհետե փոխել էր իր դիրքը և այժմ նստած էր դեմքով դեպի դուռը։ Ես նրան լրիվ չէի տեսնում, բայց նկատեցի, որ շուրթերը դողում էին, ասես ինչ-որ բան արտասանելով։ Գլուխն ընկած էր կրծքին, բայց նա քնած չէր, որովհետև կողքից երևում էր նրա լայն բացված, կարծես քարացած աչքը: Բացի այդ, նա անշարժ չէր, այլ դանդաղ ու միալար ճոճվում էր տեղում։ Մի հպանցիկ հայացքով ամփոփելով այս ամենը, ես վերադարձա սըր Լանսըլըթի պատմությանը.

Խուսափելով այսպիսով վայրենի վիշապից և կոտրելով այն դյութանքը, որով հմայված էր պալատը, քաջ դյուցազնը մի կողմ նետեց հրեշի սարսափելի լեշը և դարձավ դեպի պղնձե վահանը, որը նույն իսկ վայրկյանին պոկվեց պատից և արծաթե սալերով գլորվեց նրա ոտքերի տակ, ահարկու ու խլացուցիչ զրնգոց արձակելով։

Հազիվ էի արտասանել վերջին բառը, երբ, ասես մի տեղ իսկապես արծաթին զարկվեց պղնձե վահանը, ես հստակ լսեցի խլացված, բայց զիլ ու զրնգուն մետաղական մի ձայն։ Տիրապետումս կորցրած, ես վեր ցատկեցի, բայց Աշըրն առաջվա պես հանդարտ, միալար օորորվում էր տեղում։ Նրա անթարթ, ապակե աչքերը հառած էին առջևի դատարկությանը։ Ես ձեռքս դրի Աշըրի ուսին— նա մարմնով մեկ ուժգին ցնցվեց, ողորմելի մի ժպիտ ծամածռեց շուրթերը, և նա սկսեց կամացուկ, դողդոջուն ձայնով հապճեպ ու անհասկանալի բաներ մրթմրթալ, ասես չնկատելով իմ ներկայությունը։ Կռանալով նրա մոտ, ես վերջապես ընկալեցի այդ բառերի սոսկալի իմաստը։

− Չե՞մ լսում, ոչ, լսո՛ւմ եմ, և վաղու՜ց էի լսում... Երկա՜ր, երկա՛ր-երկար րոպենե՜ր, ժամե՜ր, ես օրերով լսում էի այդ... բայց չէ՛ի համարձակվում, օ՜, խղճուկ թշվառակա՜նս, չէի համարձակվում ասել։ Մենք նրան կենդանի ենք թաղել... Չէ՞ի ասել արդյոք, որ զգայություններս սրված են, հիմա ասում եմ, որ լսել եմ նրա առաջին թույլ շարժումները դագաղում, ես լսել եմ, շատ օրեր առա՜ջ և չեմ համարձակվել ասել...