Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բայց այսօ՛ր, այս գիշե՜ր... Էթըլրեդ... Հա՛, հա՛... Ճգնավորի փշրվող դո՜ւռ, մահամերձ հրեշի ճի՜չ, սալերով գլորվող վահա՜ն... Լավ է ասենք կոտրվող դագա՛ղը, սռնիների ճռի՛նչը, հուսահատ պայքարը պղնձե միջանցքում... Ես ո՞ւր փախչեմ, չէ՞ որ նա շուտով այստեղ կլինի, չէ՞ որ նա շտապում է կշտամբելու ինձ անփութությանս համար... Չէ՞ որ ես լսում եմ նրա քայլե՛րը, զգում եմ նրա սրտի ծա՜նր, սոսկալի՛ բաբախոցը... ԽԵ՞ՆԹ,— նա մոլեգնած վեր ցատկեց և գոռաց, ասես վերջին շունչը տալով,— ԽԵ՛ՆԹ, ՀԱՎԱՏԱՑԵՔ ԻՆՁ, ՆԱ ԴՌԱՆ ԵՏԵՎՈ՛ՒՄ Է...

Գերբնական ուժով արտասանված այդ բառերն ասես, մոգական զորություն ունենային՝ ծանր, հինավուրց դռները, որոնց նա մատնանշել էր, դանդաղ բացեցին իրենց սև երախը։ Դա կարող էր քամու գործը լինել, բայց այնտեղ կանգնած էր լեյդի Մեդըլայն Աշըրը։ Նրա սպիտակ պատանքն արնոտված էր, հյուծված մարմինը հուսահատ պայքարի հետքեր էր կրում։ Նա մի պահ, դողալով ու երերալով, կանգնած էր շեմքին, հետո երկա՜ր, ծանր հառաչանքով ընկավ եղբոր գիրկը և վերջին ջղաձիգ հոգեվարքի մեջ գետնին տապալեց նրա արդեն անշունչ մարմինը՝ իր իսկ գուշակած սարսափի զոհը։

Ես խելապատառ փախա այդ սենյակից, այդ տնից։ Մրրիկն առաջվա պես մոլեգնում էր, երբ ես վազում էի սալապատ հին կածանով։ Հանկարծ արտասովոր մի լույս փայլեց ոտքիս տակ և ես շրջվեցի, որպեսզի տեսնեմ աղբյուրը, քանի որ ետևում մռայլ ու ստվերոտ շինությունն էր միայն։ Դա մայր մտնող լիալուսնի բոսորագույն լույսն էր, որ փայլում էր ժամանակին աննշմարելի, իսկ այժմ ծածկից մինչև հիմքը տունը կիսող և աչքիս առաջ լայնացող ճեղքից։ Մինչ ես նայում էի, փոթորկի վայրի մի պոռթկում ճայթեց վերևում, լուսնի բոլորակն ամբողջովին բացվեց աչքերիս և... ուղեղս մթագնեց փլուզվող պատերի տեսարանից... Լսվեց մի ահեղ ձայն, ասես հազար ջրվեժ միանգամից սուրային ցած, և մռայլ ու մութ լճակի ջրերն անձայն ձուլվեցին Աշըրի տան փլատակների վրա։


ՄԱՏՆԻՉ ՍԻՐՏԸ

Այո, ես ջղային եմ, շատ ջղային, ահավոր ջղային։ Ես հենց սկզբից էլ ջղային էի, բայց ինչու եք ինձ խելագա՞ր կոչում։ Հիվանդությունը սրել էր, բայց չէ՞ր բթացրել, չէ՞ր վերացրել իմ զգայությունները։ Ամենից ավելի լսողությունս էր սրվել՝ չկար