Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

վայելում էի շնչածս օդը, ես հաճույք էի ստանում սովորաբար նույնիսկ ցավ պատճառող աղբյուրներից։ Ես անկեղծ ու հետամուտ հետաքրքրություն էի ցուցաբերում ամեն ինչի նկատմամբ։ Սիգարը բերանումս և լրագիրը ծնկներիս, օրվա մեծ մասը անց էի կացրել մերթ զբաղվելով թերթի ազդագրերով, մերթ ուսումնասիրելով սրճարանի խայտաբղետ բազմությունը, մերթ էլ մշուշոտ պատուհանից դուրս նայելով։

Փողոցը, որը քաղաքի մայրուղիներից մեկն էր, առավոտից լիքն էր մարդկանցով։ Սակայն, մութն ընկնելուն պես, ամբոխն ավելի էր խտացել, և լապտերները վառելու պահին մարդկանց արդեն երկու ստվար զանգված հոսում էին դռների կողքով: Մասնավոր այդ ժամին ես առաջին անգամ էի գտնվում նման վիճակում, և մարդկային գլուխների ալեկոծվող ծովն ինձ լցրել էր իր նորությամբ սքանչելի մի զգացումով: Ի վերջո ես լիովին անջատվեցի ներսում կատարվող դարձերից և ամբողջովին նվիրվեցի փողոցի ուսումնասիրությանը։

Սկզբում իմ դիտարկումներն ընդհանուր ու վերացական բնույթ ունեին` անցորդներին ես ընկալում էի հավաքաբար, զանգվածային հարաբերությունների մեջ։ Սակայն շուտով ավելի մանրացա և սկսեցի արդեն ուշադրություն դարձնել կազմվածքի, հագուստների, արտահայտության, քայլվածքի և դեմքերի անսահման բազմազանության վրա։

Անցորդների ճնշող մեծամասնությունը գործնական և գոհ տեսք ուներ, և, թվում էր, մտահոգված էր միայն հրմշտոցի մեջ ճանապարհ բացելով։ Նրանց հոնքերը կիտված էին, իսկ հայացքները կտրուկ, հրվելու դեպքում նրանք չէին բորբոքվում, այլ հագուստը շտկելով շտապում էին առաջ։ Մյուսները, որոնք նույնպես շատ էին, կարմրած դեմքերով ու անհանգիստ շարժուձևով մարդիկ էին, նրանք քայլում էին ձեռքերը թափ տալով ու իրենք իրենց հետ խոսելով, և ասես մենակ լինեին հոծ ամբոխի մեջ։ Խոչընդոտի գալով, նրանք իսկույն լռում էին, բայց կրկնապատկում էին ձեռքերի շարժումն ու բռնազբոս ժպիտով սպասում մինչև ճանապարհն ազատվի։ Հրվելու դեպքում, նրանք ծայր աստիճան շփոթվում ու սկսում էին անընդհատ գլուխ տալ հրողին: Այս երկու խմբերն ուրիշ ոչնչով առանձնապես աչքի չէին ընկնում։ Նրանց հագուստը պատկանում էր այն կարգին, որը սովորաբար պիտակվում էր որպես պատշաճ: Նրանք, անկասկած, ազնվականներ, առևտրականներ, իրավաբաններ