Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կամ բորսայի միջնորդներ էին՝ արիստոկրատներ ու հասարակ քաղաքացիներ, ոմանք պարապ, ոմանք խիստ զբաղված իրենց մասնավոր գործերով։ Նրանք ինձ առանձնապես չհետաքրքրեցին։

Գրագիրների ցեղն իսկույն աչք էր զարնում– այստեղ ես տարբերեցի երկու որոշակի խումբ։ Նախ գալիս էին կասկածելի նորաստեղծ ընկերությունների կրտսեր գրագրերը` սեղմ թիկնոցներով, փայլեցրած կոշիկներով, յուղած մազերով ու ամբարտավան ժպիտներով երիտասարդները։ Մի կողմ դնելով այն առանձին աքլորությունը, որը հարմար բառ չունենալով կարելի է գրասենյակային կոչել, սրանց պահվածքն իրենից երկու տարվա հնության վայելչաձևի ճշգրիտ պատճենն էր ներկայացնում։ Նրանք ասես տերերի մաշված շուքի կրողները լինեին, և, ըստ իս, դա նրանց դասի լավագույն բնութագրումն է։

Պատկառելի հիմնարկների ավագ գրագիրներին դժվար էր խառնել ուրիշների հետ։ Նրանք հեշտությամբ ճանաչվում էին իրենց սև կամ դարչնագույն, պատվերով կարված վերարկուներով ու տաբատներով, սպիտակ բաճկոններով ու փողկապներով, ինչպես նաև լայնաքիթ կոշիկներով ու բարձր գուլպաներով։ Նրանք բոլորն էլ մի քիչ ճաղատ էին, և ամեն մեկի աջ ականջը գրիչ պահելուց անսովոր կերպով դուրս էր ցցված։ Ես նկատեցի, որ գլխարկը նրանք հանում և դնում էին անպայման երկու ձեռքով և որ բոլորի ժամացույցները ծանր ու կարճ հնատիպ շղթաներով էին։ Սրանք պատկառելիության շինծու կեցվածք ունեին, եթե, իհարկե, նման կեցվածքն ընդհանրապես հնարավոր է կեղծել:

Անցորդների մեջ պատահում էին նաև անճաշակ պճնամոլներ, ես իսկույն հասկացա, որ սրանք բոլոր մեծ քաղաքների համար անխուսափելի գրպանահատներն էին։ Սրանց ես հետևում էի մեծ հետաքրքրությամբ և չէի կարողանում հասկանալ, թե ինչպես էին բարեկիրթ մարդիկ իրենց նմանների տեղը դնում դրանց։ Չէ՞ որ թեզանիքների փարթամությունն ու չափից դուրս անկեղծ դեմքերն արդեն բավական պերճախոս էին։ Ավելի հեշտ էր ճանաչել խաղամոլներին, որոնք նույնպես քիչ չէին։ Նրանց հագուստը չափազանց բազմազան էր, սկսած սովորական խաբեբա-ձեռնածուի հանդերձից,— այսինքն թավշյա բաճկոն, խայտաբղետ վզաշոր, նրբագեղ կոճակներ ու ոսկեզօծ շղթաներ,— մինչև բոլորովին կասկած չհարուցող կղերականի