զուսպ հագուստը։ Ինչևէ, սրանք բոլորն էլ առանձնանում էին հողագույն դեմքով, պղտոր աչքերով ու գունատ, պինդ սեղմած շուրթերով։ Բացի այդ, նրանց հեշտ էր ճանաչել ևս երկու հատկանիշով` ցածր ու զգույշ ձայնով ու բթամատի` մնացածների հետ սովորականից ավելի ուղիղ անկյուն կազմելու հատկությամբ։ Բավական հաճախ պատահում էին նաև մարդիկ, որոնք, սրանցից փոքր-ինչ տարբերվելով, վերջին հաշվով նույն խավին էին պատկանում։ Վերջիններս կազմում էին բախտախնդիրների խումբը և ամբոխը հոշոտում էին երկու գումարտակով` պճնամոլների ու սպաների։ Առաջիններին հատուկ էին երկար խոպոպներն ու ժպիտները, վերջիններին՝ համազգեստներն ու մռայլ տեսքը։
Իջնելով հասարակության այսպես կոչված պարկեշտության սանդղակով` ես խորհելու ավելի խոր ու մռայլ նյութ գտա։ Ես հրեա փերեզակներ տեսա, որոնց ստորաքարշ ու թշվառ դեմքերին հանկարծ արծվային հայացքներ էին փայլում,- տեսա հաղթանդամ խարդախ մուրացիկների, որոնք ճնշում էին իրենց ավելի ազնիվ հարևաններին, ում ծայրահեղ կարիքն ու վհատությունն էր միայն փողոց քշել,— տկար ու սոսկալի խեղանդամների, որոնց իր հովանու տակ էր առել մահը. նրանք երերալով խցկվում էին ամբոխի մեջ, պաղատանքով նայելով անցորդների աչքերին, պատահական կարեկցանք կամ կորցրած մի հույս փնտրելով,– համեստ աղջիկների, որոնք երկար ու ծանր աշխատանքից վերադառնում էին իրենց անխինդ տները, ավելի արտասվելով, քան վրդովվելով լկտի սրիկաների հայացքներից ու վարքից,- ամեն տիպի ու տարիքի անառակ կանանց, ծաղկման գագաթնակետին հասած գեղեցկուհիների, որոնք նմանվում էին Ղուկիանոսի հիշատակած Փարոսյան մարմարից կերտած, բայց ընդերքը կեղտով լեցուն արձանին,– նողկալի, անվերադարձ կործանված ցնցոտիավոր բորոտին,— կնճռոտած, ակնեղենի մեջ կորած ու շպարված, ջահել լինելու վերջին ճիգերը գործադրող տիկնոջը,— դեռ չձևավորված, բայց երկար փորձից իր գործի սոսկալի հնարքներին տիրող աղջնակին, որին այրում էր անառակությամբ ավագներին հասնելու մարմաջը անթիվ անհամար հարբեցողներին` ոմանք քնձռոտ ցնցոտիներով, կապտուկներով ու մարած աչքերով, ինչ-որ բան կարկամող ու անվերջ սայթաքող, ոմանք նոր, բայց ցեխոտ շորերով, երերուն քայլվածքով, հաստ ու