Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բավական խիտ էր։ Այդ երկար ու նեղ փողոցով ծերունին քայլեց մոտ մեկ ժամ, որի ընթացքում անցորդների թիվը պակասեց և հասավ նրան, որը սովորաբար կեսօրին լինում է Բրոդվեյում զբոսայգու մոտ— այնքան մեծ է Լոնդոնի և ամերիկյան ամենամարդաշատ քաղաքի բնակչությունների տարբերությունը։ Երկրորդ անգամ թեքվելով, մենք մտանք պայծառ լուսավորված մի հրապարակ, ուր անասելի եռուզեռ էր տիրում։ Այստեղ ծերունին ստացավ իր նախկին թափը։ Կզակը կրծքին սեղմած, կիտված հոնքերի տակից կատաղի հայացքներ նետելով ամեն կողմից իրեն ճնշող անցորդներին, նա համառ ու նպատակասլաց առաջ էր ընթանում ամբոխի միջով։ Ինչևէ, ես շատ զարմացա, երբ, հասնելով հրապարակի ծայրին, նա շուռ եկավ և ճիշտ նույն ճանապարհով գնաց ետ։ Ես առավել ևս ապշեցի, երբ նույն բանը նա կրկնեց ևս մի քանի անգամ, ընդ որում կտրուկ շուռ գալով, նա մի անգամ քիչ էր մնում ինձ նկատեր։

Այդպես անցավ ևս մի ժամ, որի վերջում անցորդներն արդեն մեզ այդքան չէին խանգարում։ Անձրևը շարունակվում էր, օդը ցրտեց, և մարդիկ սկսեցին տուն գնալ։ Ծերունին դժգոհ թափ տվեց ձեռքն ու անցավ կողքի, մոտ քառորդ մղոն երկարությամբ համեմատաբար դատարկ փողոցը։ Այստեղ նա առաջ նետվեց այնպիսի մի թափով, որն իր պես տարիքով մարդուց բոլորովին սպասելի չէր և բավական դժվարացրեց իմ հետապնդումը։ Մի քանի րոպեից մենք հասանք մի մեծ ու բանուկ շուկա, որին ծերունին ըստ երևույթին քաջ ծանոթ էր, և որտեղ նա նորից ստացավ իր նախկին տեսքը, գնորդների ու վաճառողների մեջ աննպատակ թափառելով։

Այն մեկ ու կես ժամվա ընթացքում, որ մենք անցկացրինք շուկայում, ես ստիպված էի շատ զգույշ լինել, որպեսզի չկորցնեմ ծերունուն։ Բարեբախտաբար իմ ռետինե կրկնակոշիկները բոլորովին անաղմուկ էին և ծերուկը ոչ մի անգամ ինձ չտեսավ։ Նա հերթով մտնում էր բոլոր խանութները, չէր սակարկում, չէր խոսում և ամեն ինչին նայում էր վայրի, թափուր հայացքով։ Իմ տարակուսանքը սահման չուներ, ես հաստատ որոշեցի չբաժանվել նրանից այնքան, մինչև չբավարարեմ իմ հետաքրքրասիրությունը։

Շուտով շուկայում ժամացույցի տասնմեկ զարկ հնչեց և ժողովուրդը սկսեց արագ հեռանալ։ Մի խանութպան փեղկը փակելիս պատահմամբ հրեց ծերունուն, որը հանկարծ մարմնով