Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մեկ սկսեց դողալ։ Նա դուրս թռավ փողոց, անհամբեր նայեց շուրջն, ու աներևակայելի արագությամբ սլացավ առաջ, մինչև որ հասավ այն նույն պողոտային, որտեղից սկսել էր՝ Դ... պանդոկի մոտ։ Փողոցն արդեն ուրիշ էր, այն դեռևս պայծառ լուսավորված էր, բայց կատաղի անձրևի պատճառով անցորդներ համարյա չկային։ Ծերունին գունատվեց, ընկճված ու անկամ նա մի երկու քայլ արեց ժամանակին բանուկ այդ փողոցով, հետո, ծանր հոգոց հանելով, ուղղվեց գետի կողմն ու երկար-բարակ փողոցներով վերջապես հասավ քաղաքի հայտնի թատրոններից մեկին։ Թատրոնն արդեն փակվում էր, և հանդիսատեսը հոծ խմբերով դուրս էր գալիս դռներից։ Խառնվելով մարդկանց խմբին, ծերունին, ասես խեղդվելով, խորը շունչ քաշեց, բայց ես նկատեցի, որ նրա դեմքի տանջահար արտահայտությունը փափկել էր։ Նա գլուխը կախեց և ստացավ ճիշտ այն տեսքը, որով առաջին անգամ գրավել էր իմ ուշադրությունը։ Ես նկատեցի, որ նա շարժվեց մարդկանց մեծ մասի ընտրած ուղղությամբ, սակայն ընդհանուր առմամբ նրա վարքից ես ոչինչ չէի հասկանում։

Քիչ անց ամբոխը նոսրացավ, և ծերուկը նորից սկսեց անհանգստանալ։ Որոշ ժամանակ նա հետևում էր մոտ տասը մարդուց կազմված մի խմբի, որի անդամները մեկ առ մեկ պակասում էին, մինչև որ մի նեղ ու մութ նրբանցքում մնացին միայն երեքը։ Ծերունին կանգ առավ և մի պահ կարծես մտասուզվեց, հետո ծայր աստիճան բորբոքված առաջ ուղղվեց մի ճանապարհով, որը շուտով մեզ բերեց քաղաքի ծայրամաս։ Քաղաքն այստեղ բոլորովին նման չէր նրան, ուր մենք մինչ այդ զբոսնում էինք՝ սա Լոնդոնի ամենից գարշելի թաղերից մեկն էր, անսահման կարիքի ու ոճրի մեջ կորած։ Հատուկենտ լապտերները լուսավորում էին խարխուլ ու որդնած փայտե հին տները, որոնք ամեն րոպե կարող էին փուլ դալ, և այնքան անկանոն էին շարված, որ նրանց միջև անցումներ համարյա չէին նշմարվում։ Փարթամ մոլախոտերը դուրս էին սեղմել փողոցի գլաքարերը, որոնք անկանոն ցրիվ էին տրված ոտքերիս տակ։ Առուներում նեխում էր գարշահոտ կեղտաջուրը, ամենուր իշխում էր աղքատությունն ու ավերը։ Բայց և այնպես մենք մարդկանց ձայներ էինք լսում, և շուտով Լոնդոնի ամենից նողկալի բնակիչներն արդեն վխտում էին մեր շուրջը։ Ծերունին նորից սիրտ առավ, նման այն մոմին, որ վերջին անգամ բոցկլտում