Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

փողոցի quondam[1] կոշկակարն էր, որը, թատրոնից խելքը կորցրած, վերջերս Կրեբիյյոնիii համանուն ողբերգության մեջ ստացել էր Քսերքսեսի դերը, բայց խայտառակ անհաջողության էր մատնվել։

— Ի սեր աստծո,— աղաչեցի ես,— բացատրեք ձեր մեթոդը: — Ես շատ ավելի էի հուզված, քան կուզեի որ երևար:

— Ձեզ այդ մտքին հանգեցրեց պտղավաճառը,— պատասխանեց ընկերս,— նա ստիպեց ձեզ մտածել, որ այդ փինաչին չափից դուրս տկար է, որպեսզի մարմնավորի Քսերքսեսին և id genus omne[2]։

— Պտղավաճա՞ռը,— զարմացա ես, ես ոչ մի պտղավաճառ չեմ ճանաչում:

— Նա, ով մի տասնհինգ րոպե առաջ քիչ էր մնում անկյունում ձեզ վայր գցեր։

Վերջապես ես հիշեցի, որ երբ մենք Շ... նրբանցքից թեքվում էինք դեպի փողոցը, խնձորով լի զամբյուղը գլխին մի պտղավաճառ ինձ իսկապես քիչ էր մնում վայր գցեր, բայց այդպես էլ չհասկացա, թե Շանտիլյին այստեղ ինչ կապ ուներ։

Բայց Դյուպենի կեցվածքում ոչ մի նշույլ charlatanerie[3] չկար:

— Հիմա կբացատրեմ,— ասաց նա,— և որպեսզի ինձ լավ հասկանաք, եկեք վերարտադրենք ձեր մտքի ընթացքը, սկսած իմ ակնարկից մինչև վերոհիշյալ պտղավաճառին բախվելը: Շղթայի հիմնական օղակները հետևյալն են՝ Շանտիլյի, Օրիոն, դոկտոր Նիկոլս, Էպիկուր, ստերեոտոմիա, գլաքարեր և պտղավաճառ։

Հազիվ թե գտնվի մի մարդ, որը երբևէ հենց այնպես փորձած չլինի հակառակ հերթականությամբ գտնել իրեն այս կամ այն հետևությանը հասցրած զուգորդությունների շղթան: Բավական հաճախ այդ զբաղմունքը մեծ հաճույք է պատճառում փնտրողին, և ապշեցնում է նրան ելակետի և եզրահանգման անկապությամբ ու դրանց միջև ընկած ահռելի տարածությամբ: Ինչպիսին պիտի լիներ ուրեմն իմ զարմանքը, երբ ես լսեցի Դյուպենի բացատրությունը և ստիպված եղա համոզվել, որ նա իրավացի է։ Դյուպենը շարունակեց։

  1. Երբեմնի (լատ.):
  2. Ւր նմաններին (լատ.):
  3. Աչքակապություն (ֆր.)։