Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/15

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Եթե չեմ սխալվում, մինչև թեքվելը մենք ձիերի մասին էինք խոսում, և դրանով մեր զրույցը սպառվեց։ Երբ մենք մտանք այս փողոցը, պտղավաճառը ձեզ հրեց վերանորոգման համար բերված գլաքարերի կույտի վրա։ Դուք սայթաքեցիք, ձեր ոտքի մկանը ձգվեց, և դուք, վրդովված ինչ որ բաներ մրթմրթալով, զայրացած հայացք նետեցիք քարակույտին ու լուռ շարունակեցիք ճանապարհը։ Ես ձեզ հատկապես չէի հետևում, բայց դիտողականությունն ինձ համար վերջերս համարյա անհրաժեշտություն է դարձել:

Դուք ձեր հայացքը գետնից չէիք կտրում և մերթ ընդ մերթ խեթ֊խեթ նայում էիք մայթի անհարթություններին (դրանից ես եզրակացրի, որ դուք դեռ մտածում եք գլաքարի մասին), մինչև որ մենք հասանք Լամարտինի անունը կրող և նոր ձևով սալահատակված փողոցին։ Այստեղ սալերը մեկընդմեջ և բավական հարթ էին շարված, և դուք նկատելիորեն աշխուժացաք։ Ձեր բերանի շարժումից ես կռահեցի ստերեոտոմիա բառը, որով չգիտեմ ինչու կնքել են սալապատման այդ նոր եղանակը։ Ես գիտեի, որ ստերեոտոմիա ասելով դուք չէիք կարող չհիշել ատոմների մասին և այդպիսով հանգել Էպիկուրի ուսմունքին։ Քանի որ մեր վերջին զրույցներից մեկում ես անդրադարձել էի ժամանակակից աստղագիտության կողմից միգամածությունների մասին այդ հանճարեղ հույնի կռահումների հաստատմանը, ապա ենթադրեցի, որ դուք այս կամ այն կերպ պիտի նայեք վերև՝ Օրիոն համաստեղության վիթխարի միգամածությանը տեսնելու համար: Այդպես էլ եղավ, և ես իմ եզրահանգումների ճշտության լավ ապացույց ստացա։ Իսկ երեկվա «Մյուղե» թերթի քննադատը Շանտիլյիի վրա կատարած իր թունոտ հարձակման մեջ անարժան կերպով ակնարկում էր, թե բեմ բարձրանալով կոշկակարը նույնիսկ իր անունն է ուզեցել փոխել, և լատիներենից մի մեջբերում էր անում, որին մենք բազմիցս դիմել ենք մեր զրույցների ընթացքում: Ես նկատի ունեմ հետևյալ հայտնի տողը՝

Perdidit antiquum Litera prima sonum[1]

Ժամանակին ես ձեզ բացատրել էի, որ այդ տողը վերաբերում է Օրիոնին, որն առաջ Շերիոն էր գրվում և այդ բառախաղից ելնելով

  1. Առաջին տառը կորցրել է՝ իր երբեմնի հնչումը (լատ.)։