Jump to content

Էջ:Nightmares and Slumbers (stories).djvu/140

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

բարոյագետի այդ մտքի և Լիգեյայի խառնվածքի որոշ գծերի միջև։ Նրա մտքերի, արարքների և խոսքերի թափը եթե ոչ հետևանքը, ապա վկայությունն էր կամքի այն վիթխարի ուժի, որը մեր համատեղ կյանքի երկար տարիների ընթացքում ուրիշ ոչ մի անմիջական դրսևորում չէր ունեցել։ Իմ երբևէ ճանաչած բոլոր կանանցից միայն Լիգեյան էր, արտաքուստ խաղաղ և միշտ անվրդով Լիգեյան, որ անմնացորդ անձնատուր էր լինում խռովահույզ կրքերի վայրի ուրուրներին։ Այդ կիրքը ճանաչելու իմ միակ չափանիշն ու միջոցը Լիգեյայի աչքերի միաժամանակ սարսափ և բերկրանք ներշնչող հեքիաթային լայնացումն էր, նրա մեղմ ձայնի կախարդական ելևէջները և այն ամեհի ուժը (խոսելու անխռով ոճին հակադրվելու շնորհիվ կրկնապատկված), որը պարունակվում էր նրա մոլեգին խոսքերում։

Ես արդեն պատմել եմ Լիգեյայի ակնառու կրթվածության մասին, որպիսին ես ոչ մի կնոջ մոտ չեմ տեսել։ նա քաջ ծանոթ էր դասական լեզուներին և, որքանով ես ինքս կարող էի դատել, տիրապետում էր Եվրոպայի բոլոր ժամանակակից բարբառներին։ Չէր եղել մի հարց, որի վերաբերյալ նա չկարողանար սպառիչ բացատրություն տալ, թեկուզև այն առնչվեր ակադեմիական ամենից խրթին և անմեկնելի խնդիրների հետ։ Ավաղ, ես միայն այժմ ուշացումով հայտնաբերեցի և գնահատեցի իմ սիրելիի այդ բացառիկ, ցնցող բարեմասնությունը։ Կրկնում եմ, որ Լիգեյան կանանց մեջ անօրինակ գիտելիքների տեր էր, բայց մի՞թե կա մի տղամարդ, որն այդքան կատարելապես տիրապետեր բարոյական, ֆիզիկական և մաթեմատիկական բոլոր գիտություններին։ Ժամանակին ես չէի տեսնում այն, ինչ հիմա պարզ գիտակցում եմ, որ Լիգեյան աննախադեպ, բացառիկ նվաճումների էր հասել գիտության մեջ։ Այսուհանդերձ ես նրա գերազանցությունը զգում էի այնքանով, որ մանկան նման ապավինում էի նրա առաջնորդությանը մետաֆիզիկական այն խրթին ուսումնասիրություններում, որոնց մեջ խորասուզված էի մեր ամուսնության առաջին տարիներին։ Ինչպիսի անսահման ցնծությամբ ու խանդավառությամբ, ինչպիսի եթերային սպասումներով էի ես նշմարում այն պայծառ հեռանկարը, որն աստիճանաբար բացվում էր իմ առջև, երբ պարապմունքներիս ընթացքում Լիգեյան ինքնահոժար ու համարյա աննկատելի խոնարհվում էր իմ գրասեղանի վրա։ Ես